«Մսրյանի թոռն է, դրա համար են դեր տալիս». Անահիտ Մսրյանը՝ իր հասցեին հնչած կարծիքների, և սերիալում նոր զարգացումների մասին

«Թատերականում սովորելու տարիներին հենց առաջին կուրսից սկսած ասել են՝ Մսրյանի թոռն է, դրա համար անվճար ընդունվեց, Մսրյանի թոռն է դրա համար են դեր տալիս, դրա համար կարմիր դիպլոմով ավարտեց: Միշտ էլ եղել են խոսակցություններ: Հիմա էլ ասում են՝ Մսրյանի թոռն ես, դրա համար են չէ՞ նկարում, ես էլ կատակով պատասխանում եմ՝ իհարկե, դրա համար են ինձ առաջ տանում»,- Tert.am Life-ի հետ զրույցում անկեղծացավ  երիտասարդ դերասանուհ Անահիտ Մսրյանը, ով հեռուստադիտողին հայտնի դարձավ «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալից:

Անահիտը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, դերասան Վլադիմիր Մսրյանի թոռնուհին է: Հպարտ է իր պապիկով, բայց խոստովանում է, բավական բարդ է հայտնի մարդու թոռնուհին լինելը:

«Շատ մեծ պատասխանատվություն է Մսրյանի թոռը լինելը, բայց միայն իմ խաղով կարող եմ ապացուցել, թե ինչու եմ հիմա հայտնի»,- ասաց Անահիտը:

Դերասանուհի դառնալու ցանկությունը նրան մանկուց է ուղեկցել:

«Մեծացել եմ արվեստագետների ընտանիքում և երբեք չեմ մտածել` ինչ կարելի է դառնալ, փոքրուց դեռ իմացել եմ, որ լինելու եմ դերասանուհի։ Հենց այդ պատճառով դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ`դերասանական բաժին` Հակոբ Ղազանչյանի արվեստանոց և ունեցել եմ հրաշալի դասախոսներ` ինչպիսիք են Հակոբ Ղազանչյանը, Լալա Մնացականյանը, Իշխան Ղարիբյանը, Գոռ Մարգարյանը, Վիվյեն Բաստաջյանը և շատ այլ փայլուն մասնագետներ»,- պատմեց դերասանուհին:

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ավարտել է կարմիր դիպլոմով և որոշ ժամանակ անց սկսել նկարահանվել։

«Առաջին դերս հեռուստասերիալում եղել է պրոդյուսեր Ելենա Արշակյանի և սցենարիստ Անահիտ Մխիթարյանի «Ծաղիկներ ձյան տակ» նախագիծը։ Անչափ ուրախ եմ, որ դեբյուտային դերս հենց Ելենա Արշակյանի նախագծում է եղել, և շատ շնորհակալ եմ, որ վստահեց միանգամից բավականին մեծ դեր։

Երկրորդ նախագիծը, որտեղ աշխատել եմ կրկին Ելենա Արշակյանի «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալն էր։ Կրկին հրաշալի նախագիծ էր`հրաշալի դերասանական կազմով»,- նշեց դերասանուհին:

Այժմ նկարահանվում է «Սերը երբեք չի մոռանում» նախագծում: «Խաղում եմ հրաշալի և պրոֆեսիոնալ դերասանների հետ, ում հետ մեծ պատիվ է աշխատելը և ումից շատ բան եմ սովորում։ Ի դեպ, շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում նախագծում, խորհուրդ եմ տալիս դիտել»:

Նոր առաջարկներ շատ կան, բայց դրանց մասին դեռ վաղ է համարում խոսել, քանի որ դրանք դեռ նախնական փուլում են։

«Ուզում եմ հատուկ նշել, որ երեք նախագծերում էլ աշխատել եմ հիանալի մթնոլորտում, հրաշալի ռեժիսորների, բարձրակարգ դերասանների և հիանալի թիմի հետ։ Շնորհակալ եմ Ելենա Արշակյանին նման հրաշալի նախագծերում ինձ ներգրավելու համար», — ամփոփեց դերասանուհին։

Հեղինակ՝ Անի Մնացականյան

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *