Որոշ երկրներ հրաժարվել են ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինայի վերաբերյալ համաժողովից հետո ընդունված համատեղ հռչակագիրը:
Միջոցառման կազմակերպիչները Բյուրգենշտոկի մամուլի կենտրոնի էկրաններին փակցրել են այն պետությունների ցուցակը, որոնք հավանություն են տվել վերջնական հռչակագրին։
Փաստաթղթի հրապարակումը պարզ է դարձրել, որ այն չեն ստորագրել Բրազիլիան, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան, ԱՄԷ-ն, ինչպես նաև Հայաստանը, Բահրեյնը, Վատիկանը, Ինդոնեզիան, Լիբիան, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, Սլովակիան և Թայլանդը։
Ուկրաինայի հարցով համաժողովն ընթանում է հունիսի 15-16-ին շվեյցարական Լյուցեռնի մոտ գտնվող Բուրգենստոկ հանգստավայրում։ Դրան մասնակցում են 92 երկրներ և 55 պետությունների ղեկավարներ, ինչպես նաև ութ կազմակերպություն, այդ թվում՝ ԵՄ-ն, Եվրոպայի խորհուրդը և ՄԱԿ-ը:
Միաժամանակ, Շվեյցարիա չեն եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Բրազիլիայի նախագահ Լուի Ինասիո Լուլա դա Սիլվան և այլք։
Որոշ մասնակիցներ, ինչպիսիք են Միացյալ Նահանգների փոխնախագահ Կամալա Հարիսը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, վաղաժամ հեռացել են՝ այլ հանդիպումներ ունենալու պատճառաբանությամբ, իսկ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան միջոցառմանը ներկա է եղել ընդամենը երկուսուկես ժամ:
Բեռնը Մոսկվային գագաթնաժողովի հրավեր չի ուղարկել։ Կրեմլն էլ ընդգծել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղիներ փնտրելն առանց Ռուսաստանի մասնակցության բացարձակապես անտրամաբանական և ապարդյուն է։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի մեկնարկի նախօրեին հայտարարել է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններ սկսելու երկու հիմնական պայման՝ ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից, ինչպես նաև Կիևի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը։
Նյութի աղբյուր