ՌԴ արտգործնախարարի տեղակալ Գալուզինը հայտարարել է, որ Արեւմուտքի նպատակը «հայկական պլացդարմն» օգտագործելով Կովկասում լարվածության օջախ ստեղծելն է: Ռուսական պաշտոնական քարոզչության տրամաբանության համատեքստում Գալուզինի հայտարարությունները հասկանալի են: Ընդունելի են դրանք, թե ոչ, սա հարցի այլ կողմն է, սակայն քարոզչական տրամաբանության համատեքստում հասկանալի են:
Գործնական առումով սակայն, եթե Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյան չունի իրականության, ժամանակի եւ տարածության թյուր ընկալում կամ կտրվածություն, թերեւս ամենից լավ է պատկերացնում, որ Կովկասում անկայունության որեւէ ալիքի ծավալում կախված է գերազանցապես Ադրբեջանից: Այն պարզ տրամաբանությամբ, որ լարվածություն կարող է գալ ուժեղից: Ի դեպ, այդ առումով Գալուզինի գլխավոր ընդդիմախոսը ՀԱՊԿ անդամ, Ռուսաստանի լավ բարեկամ, Միութենական պետության մասնակից Բելառուսի նախագահ Լուկաշենկոն է, որը մեկ ամիս առաջ գտնվելով Բաքվում, հայտարարեց, որ Կովկասում այժմ կա լիդեր՝ Ադրբեջանը, որը պատասխանատու է կայունության համար եւ իրենք այնտեղ հանգիստ են, որ Ադրբեջանը կրում է այդ պատասխանատվությունը:
Ինչ խոսք, Լուկաշենկոն այդ հայտարարությունն արել է այնպիսի մտքերի ամբողջությամբ, որոնք մեղմ ասած անհարգալից էին Հայաստանի, հայության, Արցախի հանդեպ, բայց այս պահին քննարկում ենք իրողությունների աշխարհաքաղաքական եւ ռազմա-քաղաքական համատեքստն առանց ավելորդ զգայականության: Լուկաշենկոն մատնացույց է արել ռեգիոնալ կայունության ու հետեւաբար անկայունության գլխավոր օջախը՝ Ադրբեջան:
Հայաստանը, որ այսօր լուծում է լոկ պաշտպանական խնդիրներ, անգամ միակողմանի զիջումների գնով, չի կարող լինել Կովկասի լարվածության օջախ, անկախ արտաքին քաղաքական հարաբերությունների տարբերակվածությունից: Կովկասի ապակայունացման գործիքը եղել ու շարունակում է լինել Ադրբեջանը, թե Արեւմուտքի ձեռքին, թե Ռուսաստանի ձեռքին:
Այդ իմաստով պետք է արձանագրել, որ Ռուսաստանն ու Արեւմուտքը միմյանց հետ դիմակայությամբ՝ «ձեռք ձեռքի» տված Ադրբեջանը վերածեցին Կովկասի տակ դրված ականի, այդ կերպ նաեւ Ալիեւին տալով իրենցից յուրաքանչյուրին ըստ նպատակահարմարության շանտաժի ենթարկելու հնարավորություն:
Նյութի աղբյուր