Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը կայացրել է Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշում: ԱԳՆ հայտարարության մեջ այդ որոշման հիմնավորման համար հղում է արվում միջազգային իրավունքին եւ մասնավորապես իրսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի մասով՝ «երկու պետություն» բանաձեւի վերաբերյալ ՄԱԿ որոշմանը:
«Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին:
Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ», հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը: Սա անշուշտ կարեւոր որոշում է, որն ունի իհարկե Հայաստանի համար էական աշխպարհաքաղաքական նրբերանգներ: Այս որոշումը շատերը կփորձեն ներկայացնել որպես որոշում Իսրայելի դեմ: Գործնականում սակայն, Երեւանը կայացնում է որոշում ոչ թե «դեմ», այլ «կողմ» տրամաբանությամբ՝ կողմ միջազգային իրավունքին եւ սկզբունքներին:
Միեւնույն ժամանակ, Երեւանի այդ որոշումը ըստ էության առչվում է Հայաստանի անվտանգության ընդգրկուն միջավայրին, որը առանցքայնորեն ներառում է մերձավորարեւելյան ռեգիոնը, որտեղ այսօր ծավալվում են բավականին էական թե ռազմական, թե քաղաքական զարգացումներ, որոնք անշուշտ պարունակում են աշխարհաքաղաքական եւ աշխարհակարգային առավել ընդգրկուն շերտեր:
Այդ իմաստով, թերեւս ավելորդ չէ ուշադրության արժանացնել այն, որ Հայաստանը Պաղեստին պետության ճանաչման մասին հայտարարությունն անում է մի կողմից Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետո՝ իսկ դա ուշադրության է արժանի Իսրրայել-Թուրքիա եւ Իսրայել-Ադրբեջան բավականին բազմաշերտ եւ բազմիմաստ փոխհարաբերությունների համատեքստում, ինչպես նաեւ Ֆրանսիայի հետ Հայաստանի որակապես նոր ռազմա-տեխնիկական համաձայնագրի ֆոնին, այստեղ էլ հաշվի առնելով մերձավորարեւելյան հարցերում Փարիզի շահագրգռությունները եւ դիրքորոշումները:
Նյութի աղբյուր