Իսրայելի կեղծ ու մտացածին մեղադրանքը Հայաստանին

Պաղեստինի անկախության ճանաչման վերաբերյալ Հայաստանի հանրապետության որոշումից հետո Իսրայելի վարչապետի խորհրդականի արձագանքը, թե այդ որոշումը նվեր է ՀԱՄԱՍ-ին եւ ահաբեկիչներին, եւ բացասաբար կազդի հայ-իսրայելական հարաբերության վրա, այլ բան չէ, քան երեսպաշտություն: Թե ինչն է եղել Պաղեստինի ճանաչման մասին Հայաստանի որոշման հիմքում, ինչ մոտիվ, ինչ պատճառ, անհրաժեշտություն եւ այլն, դա առանձին հարց է: Բայց, երբ Իսրայելի վարչապետի խորհրդականը խոսում է հայ-իսրայելական հարաբերության վրա բացասաբար ազդելու մասին, ապա դա մանիպուլյատիվ խոսակցություն է, որովհետեւ Հայաստանը դեռ տարիներ առաջ է քայլ կատարել այդ հարաբերությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ, սակայն չի եղել պատասխան քայլ Իսրայելից:

Օրինակ, տարիներ առաջ Երեւանը կայացրեց որոշում՝ բացել դեսպանատուն Թել Ավիվում: Մինչ այդ, ՀՀ-ն եւ Իսրայելը ունեին դեսպաններ, սակայն ոչ ռեզիդենտ: Այսինքն, դեսպաններից յուրաքանչյուրը գտնվում էր իր երկրում: Հետո Երեւանը կայացրեց որոշում ռեզիդենտ դեսպան ունենալ Թել Ավիվում: Իսրայելի պատասխան որոշումն այդպես էլ չհաջորդեց: Մինչդեռ, Երեւանն իր որոշումը կայացրեց անգամ իր համար կարեւոր բարեկամ ու գործընկեր երկրի՝ Իրանի դժգոհության ռիսկով:

Այդ պայմաններում, երբ Իսրայելը չի արել Երեւանի քայլին համարժեք քայլ, այսօր խոսել հայ-իսրայելական հարաբերության մասին «մտահոգությամբ», մեղմ ասած նշանակում է կեղծել: Կեղծիք է նաեւ այն, թե Հայաստանի ճանաչումը նվեր է ՀԱՄԱՍ-ին, ահաբեկիչներին: Իսրայելը եղել է Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի ահաբեկչական պատերազմի գլխավոր դոնորը՝ ընդ որում տարիներ շարունակ, թե 44-օրյա պատերազմից առաջ, թե դրա ընթացքում՝ կանոնավոր կերպով մատակարարելով սպառազինություն, որ թափվում էր Արցախի վրա, եւ թե շարունակում է այդ քաղաքականությունն այսօր:

Իսկ այդ պատերազմը ահաբեկչական էր, որովհետեւ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հավաքագրել էր մերձավորարեւելյան վարձկանների: Ավելին, կան բավականին հավաստի տեղեկություններ, որ անմիջական մարտական գործողությունների գոտուց հեռու, բայց դրանցում իրենց դերն ունեցել են նաեւ իսրայելական ինստրուկտորները: Ինչ վերաբերում է ՀԱՄԱՍ-ի համար «նվեր» լինելուն, ապա բավականին ակնառու, ընդհուպ միջազգային պաշտոնյաների մակարդակով արձանագրված փաստ է, որ ՀԱՄԱՍ-ն իսրայելական հատուկ ծառայությունների նախագիծն է, հենց արմատականության հաշվարկով, որի միջոցով Իսրայելը այսպես ասած «փաստարկ» ստացավ Պաղեստինի խնդրի քաղաքական լուծումների, քաղաքական գործընթացների դեմ, որի մտադրությունը չի ունեցել երբեք:

Այժմ, Իսրայելը ընկել է իր իսկ փորած փոսը, կամ ավելի կոնկրետ՝ Բենիամին Նաթանյահուն ընկել է այդ փոսը, որից դուրս գալու համար փնտրում է ռեգիոնալ մեծ պատերազմ: Մի հանգամանք, որը գործնականում քիչ ընդհանուր բան ունի նույնիսկ Իսրայել պետության շահերի հետ, որը այսօր գործնականում դարձել է Բենիամին Նաթանյահուի եւ նրա վարչակազմի անձննական ու խմբային խնդիրների պատանդը:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *