Օրերս անդրադարձել էինք մի տեղեկատվության, համաձայն որի՝ «Ֆասթ Բանկ»-ը հրաժարվում է կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունը և իր հաճախորդի դրամական միջոցները կանխիկացնելու համար միջնորդավճար է պահանջում։
Խմբագրությունն ուսումնասիրել է միջադեպը և պարզել հետևյալը. «Ֆասթ Բանկ»-ի հաճախորդն իր հաշվեհամարին կանխիկով մուտքագրել է արտարժույթ։ Որոշ ժամանակ անց, երբ ցանկացել է կանխիկացնել այդ միջոցները, «Ֆասթ Բանկ»-ի աշխատակիցը տեղեկացրել է, որ կանխիկացումից պահվելու է միջնորդավճար՝ գումարի 1%-ի չափով։
Քաղաքացին դժգոհել է և տեղեկացրել, որ իր պայմանագրում գրված է հակառակը, և որ կանխիկով մուտքագրված միջոցների կանխիկացման դեպքում «սակագին չի կիրառվում» (տես՝ պայմանագրի լուսապատճեն):
«Ֆասթ Բանկ»-ի պայմանագրի՝ արտարժույթի կանխիկով մուտքի և կանխիկացման սակագին
Քաղաքացու այս պնդմանն ի պատասխան, մասնաճյուղի կառավարիչը նշել է, որ էական չէ, թե ինչ է գրված պայմանագրում, քանի որ պայմանները փոխվել են։
Քաղաքացին պահանջել է ցույց տալ այն փաստաթուղթը, որտեղ առկա է իր ստորագրությունը, որով ինքը համաձայնել է այդ փոփոխությանը, ինչն, իհարկե, բանկը չի տրամադրել, քանի որ նման փաստաթուղթ գոյություն չունի։
Չհասնելով որևէ արդյունքի՝ քաղաքացին դիմել է Ֆինանսական համակարգի հաշտարարին, որի հարցմանն ի պատասխան «Ֆասթ Բանկ»-ի տնօրինության ժ/պ Սերգեյ Գասպարյանը պատասխանել է նշելով՝ « ․․․․պահանջը անհիմն է»։
Ըստ քաղաքացու, « ․․․ ժ/պ-ի պատասխանից ստացվում է, որ բանկի պայմանագիրը նույն բանկի համար «հիմք չէ», կամ «անհիմն» է։ Ավելին, փաստացի, ցանկացած անձ «Ֆասթ Բանկ»-ում կարող է բացել հաշիվ, պայմանագրում տեսնել ծառայությունների սակագներ (կամ զրոյական սակագին), սակայն, օրեր անց, այցելելով բանկ, տեղեկանալ, որ իր պայմանագրի սակագներն առոչինչ են և կրել ֆինանսական կորուստներ։
Այս միջադեպը, կարծես, ցուցադրումն է այն բանի, թե ինչ ծագում ունի «Ֆասթ Բանկ»-ը, չէ՞ որ, ըստ տեղեկությունների, «Ֆասթ Բանկ»-ի սեփականատերը «Վիվարո» ընկերության հիմնադիրն է»։
Տեղեկացնենք, որ քաղաքացին բողոքարկել է բանկի պատասխանը Ֆինանսական հաշտարարի միջոցով, իսկ խմբագրությունը կհետևի իրադարձություններին և կտրամադրի տեղեկություն հետագա զարգացումների մասին։
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Նախորդ նյութի հրապարակումից հետո այսպիսի միջադեպերի մասին խմբագրությունը քաղաքացիներից ստացել է տասնյակ նամակներ։ Սակայն, քաղաքացիների բողոքներում առկա են նաև բողոքներ՝ վարկերի, գրավադրված իրերի վաճառքի և այլնի մասին, որոնց ուսումնասիրությունից հետո խմբագրությունը հանդես կգանք նոր հրապարակմամբ։
Նյութի աղբյուր