Ամառը երևանցիներին հանգիստը վայելելու և շոգից փրկվելու տարբերակներ է առաջարկում, որից ամենանախընտրելին լողավազանների այցելությունն է: Սակայն արդյո՞ք դրանք մատչելի են, որպեսզի, օրինակ, ընտանիքի անդամներով օրն այնտեղ հնարավոր լինի անցկացնել:
MediaHub-ը այսօր կապ հաստատեց մի շարք լողավազանների հետ և ծանոթացավ գնային առաջարկներին: Ըստ այդմ, պատասխանում ենք ամենից տարածված հարցին՝ որքա՞ն պետք է մարդիկ վճարեն մեկօրյա հանգստի համար:
Այդպես, «Latar» հյուրանոցային համալիրի բացօթյա լողավազանից օգտվելու համար ոչ աշխատանքային օրերին մեծահասակաների համար մուտքավճարը 10 000 դրամ է, իսկ աշխատանքային օրերին՝ 8000 դրամ։ Երեխաների համար գործում են հատուկ սակագներ։
«Hills»–ի լողավազանից օգտվելու համար գործում են հետևյալ սակագները. աշխատանքային օրերին՝ 12 000 դրամ, իսկ ոչ աշխատանքային օրերին` 15 000 դրամ։
Ծանոթացանք նաև «Multi wellness»-ի գնային քաղաքականությանը: Ըստ այդմ՝ աշխատանքային օրերին լողավազանի մուտքավճարը 15 000 դրամ է, իսկ ոչ աշխատանքային օրերին՝ 18 000 դրամ։
Երևանից ոչ հեռու գործող «Կարմիր խաչ»-ի լողավազանում շոգից փրկվելու դիմաց պատրաստ եղեք վճարել աշխատանքային օրերին 8000 դրամ, իսկ ոչ աշխատանքային օրերին՝ 10 000 դրամ: Մինչև երեք տարեկան երեխաների մուտքն անվճար է։
Վերադառնանք Երևանի կենտրոն. Dvin pool Erevan-ի մուտքավճարը 20 000 դրամ է, այստեղ մինչև վեց տարեկան երեխաների մուտքն անվճար է։ Ընդ որում, շաբաթ և կիրակի օրերին այցելուներին սպասվում է հատուկ շոու-ծրագիր:
Նշենք, որ ներկայացված գները բացառապես լողավազանից օգտվելու համար է, իսկ տարածքում գործում են սննդի կետեր, ինչը նշանակում է, որ չորս հոգանոց ընտանիքը լողավազանում օրն անցկացնելու համար պետք է պատրաստ լինի վճարել 50-60 հազար դրամից սկսած գումար:
Վիկա Աբգարյան
Նյութի աղբյուր