Պետդեպի զեկույցը հեգնած Աջապահյանը մոռացել է լեզվի կապանքների մասին. վստահ է՝ «ժողովրդավարության բաստիոնում» չի ենթարկվի պատասխանատվության

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է աշխարհի շուրջ 200 երկրում, ներառյալ՝ Հայաստանում, կրոնական ազատությունների մասին տարեկան իր զեկույցը, որում ուշագրավ արձանագրումներ կան մասնավորապես Հայ առաքելական եկեղեցի-Կառավարություն հարաբերությունների վերաբերյալ։ «Կառավարության և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, կաթողիկոս Գարեգին Բ-ն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային քննադատական հայտարարություններ են արել միմյանց հասցեին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Կառավարության գործունեության և քաղաքականության մեջ Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածության հետ»,- նշված է զեկույցում։ 2023 թ.-ի ընթացքում, ըստ Պետքարտուղարության, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները շարունակել են առանց սահմանափակումների մասնակցել քաղաքացիական դիսկուրսին, իսկ Գարեգին Բ կաթողիկոսը՝ կոչեր հնչեցնել վարչապետ Փաշինյանի հրաժարականի մասին:

Նկատենք, որ իր նախորդ՝ 2022 թվականի անդրադարձում (Միջազգային կրոնական ազատության Հայաստանի վերաբերյալ զեկույց) նույնպես Պետքարտուղարությունը շեշտել էր ՀՀ-Կառավարություն՝ «վատթարացող» հարաբերությունները և որպես այդպիսի հարաբերությունների սկիզբ մատնանշել 44-օրյա պատերազմի ավարտը։ «Լրատվամիջոցներում շարունակվում էր, իրենց իսկ բնութագրմամբ, ՀԱԵ-ի ու կառավարության վատթարացող հարաբերությունների շուրջ քննարկումը, որը սկիզբ առավ Լեռնային Ղարաբաղի հետ կապված 2020թ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունից հետո, երբ ՀԱԵ առաջնորդ կաթողիկոս Գարեգին II-ը կոչ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։ Հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ կաթողիկոս Գարեգին II-ը ասաց. «Ամեն մի պաշտոն և իշխանություն հասարակական, քաղաքական կամ պետական ոլորտում պետք է ծառայի երկրի առաջընթացին, ընդհանուրի բարեկեցությանն ու ապահովությանը, ինչպես բարեպաշտ ընտանիքում։ Երբ պաշտոնը դադարում է սպասավորություն ընկալվելուց, դառնում է պատճառ կամայականությունների, չար ու անարդար գործերի»: Վարչապետը չմասնակցեց պատարագին, որին պետության ղեկավարն ավանդաբար մասնակցում էր։ Տարվա ընթացքում հաղորդումներ են եղել, որ ՀԱԵ-ն չի մասնակցել կառավարության խոշոր միջոցառումներին»,-մասնավորապես նշված է զեկույցում։

Անդրադառնալով 2023 թ. զեկույցում առկա այն դիտարկմանը, թե՝ «եկեղեցու հոգևորականները շարունակել են առանց սահմանափակումների մասնակցել քաղաքացիական դիսկուրսին», բերենք մի քանի օրինակ, որոնք ապացուցում են՝ եկեղեցին «քաղաքացիական դիսկուրսին» մասնակցելիս ցուցաբերել է ակնհայտ քաղաքական դիրքորոշում և հայտ ներկայացրել երկրում քաղաքական իշխանությունը փոխելու համար։ Մասնավորապես, այդպիսի հայտարարությունների գծով անգերազանցելի «չեմպիոն» է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արք. Աջապահյանը, որը, նկատենք, 2023-ին տված իր հարցազրույցներում աչքի է ընկել իր՝ ընդհուպ սկանդալային կոչերով։ «Փաշինյանը թե ամոթ ունենա, ինքնասպան կլինի, Արցախն անդարձ կորած է»,- հայտարարել էր Աջապահյանը սեպտեմբերի 19-ին՝ Արցախի նկատմամբ ռուս-ադրբեջանական ագրեսիայից օրեր անց, ապա հավելել՝ «հայերը Հայաստանում փոքրամասնություն են, և խոսքը ոչ թե գենետիկ ծագման մասին է, այլ մտածողության, գաղափարաբանության և փիլիսոփայության»։

Ըստ նրա՝ այսպես շարունակելու պարագայում Հայաստանը վստահաբար փոխակերպվելու է «Էրմինիստանի»։ Նույն Աջապահյանը, նկատենք, ավելի վաղ ԱԺ-ում ընդդիմության կողմից կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել էր. «Այո՛, անթաքույց եմ եղել այս իշխանություններին քննադատության մեջ, բայց չեմ էլ կիսում այն ծայրահեղ առավելապաշտական քարոզները, թե՝ սրանք հեռանան՝ ամեն ինչ լավ է լինելու։ Ոչ, շատ ավելի վատ է լինելու, որովհետև այնպիսի փոսի մեջ ենք, որ այդ փոսի միջից դուրս գալը պրագմատիկ եղանակով շատ դժվար է լինելու»։ Նույն այդ ելույթում Աջապահյանը, նկատենք, հայ զինվորին էր մեղադրել Լաչինի միջանցքը փակելու համար։ Իր մեկ այլ հարցազրույցում Գերագույն հոգևոր խորհրդի անդամ հոգևորականը ՀՀ-ում ռազմական հեղաշրջման կոչ էր արել՝ նշելով՝ «ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան»։

Նշենք, որ նախորդ տարի հունիսին Բարեգին Բ-ի օրհնությամբ ձևավորվել է եկեղեցական մի հարթակ՝ «Գավիթ», որի համակարգմամբ զբաղվում է հենց Շիրակի թեմի առաջնորդը։ Այդ հարթակի շրջանակներում այս ընթացքում հանդիպումներ են կայացել ընդդիմության, հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ։ Հարթակի խնդիրը, ինչպես նշել էր արքեպիսկոպոսը, «օրվա հուզող հարցերը քննարկելն է, նոր գաղափարներ գեներացնելը»։ Պատահական չէ, որ արձագանքելով Պետքարտուղարության վերոհիշյալ զեկույցին՝ Միքայել արք. Աջապահյանը, անտեսելով եկեղեցականին պատշաճող վայելչախոսության կանոնները, նետել է՝ «իրենց ի՜նչ գործն է», ապա, չկարողանալով ողջամիտ հակափաստարկ բերել զեկույցի հեղինակի արձանագրումին, հեգնել է. «Դուք ձեր ծերուկներով զբաղվեք, այնքան հիվանդ հասարակություն եք դարձել, որ հիվանդ ղեկավարներ եք ընտրում: Ժամանակին ԽՍՀՄ ղեկավարներին էին ծաղրում, թե ծեր են, մեծ են…»։ Հայ եկեղեցու բարձրաստիճան սպասավորի համար, փաստորեն, ծեր լինելը, որը մարդու օրանիզմին հատուկ (այդ թվում և իր) ֆիզիկական բնական վիճակ է, հավասարազոր է հիվանդ լինելուն, հիվանդ լինելն էլ, ստացվում է, արգահատելի մի բան է, արժանի ոչ թե կարեկցանքի, այլ անմարդկային վերաբերմունքի, ընդհուպ՝ ծաղրանքի։

Անկեղծության այսպիսի պոռթկումը՝ ամերիկացի ժողովրդի, վերջինիս ընտրած իշխանության նկատմամբ ցուցաբերված անարգանքը, թերևս բավարար է Մայր աթոռի ներկայացուցչի ադեկվատության մասին կարծիք կազմելու համար։ Հետևապես զարմանալի չէ, որ այդ ներկայացուցիչն իր երկրի ղեկավարի մասին արտահայտվելիս պետք է նրան անվաներ զեկույցը հրապարակած երկրի դրածո, իր խոսքով՝ «ձագուկ»։ «Դե, բա պիտի խառնվեն, իրենց «ձագուկն» է էստեղ, որտեղ որ իրենց «ձագուկն» է գալիս իշխանության, այնտեղ դեմոկրատիա կա, ժողովրդավարության բաստիոն է, իսկ որտեղ ոչ՝ արդեն դեմոկրատիան հալածվում է: Դա ԱՄՆ քաղաքականությունն է, որ կոչվում է «փրկչականություն», և փորձում են փրկել բոլորին, անգամ նրանց, ովքեր փրկվել չեն ուզում: Ինչպես փրկեցին Իրաքի ժողովրդին, փրկում են ուկրաինացիներին, հիմա էլ՝ մեզ…»,- հայտարարել է Աջապահյանը։ Վերջինիս այս խոսքերը, նկատենք, պերճախոս ապացույցն են այն իրողության, որ ՀՀ-ն «ժողովրդավարության բաստիոն» է։ Նույնիսկ սարսափելի է պատկերացնելը, թե ինչ տեղի կունենար «ռազմական հեղաշրջում» կապակցությունը հոլոված հոգևորականի հետ, եթե ՀՀ-ում դեմոկրատիայի այսպիսի մակարդակ չլիներ, և կամ նման հայտարարություն հնչեր ոչ դեմոկրատական որևէ երկրում։

Մի նկատառում ևս՝ հունիսի 12-ին ԱԺ շրջակայքում տեղի ունեցած միջադեպից հետո Աջապահյանի կոլեգան՝ Բագրատ Գալստանյանը, ակնկալում էր, որ «միջազգային, քաղաքակիրթ կոչված հանրությունը» գնահատական տա տեղի ունեցածին։ Նրա մտքի արգասիքն է այս հայտարարությունը. «Միջազգային հանրություն, ինչ մեր երկրում է տեղի ունենում, մաղթում եմ, որ նույնն էլ ձեր երկրներում տեղի ունենա։ Թող այս նույն ժողովրդավարություն կոչեցյալը տարածվի նաև ձեր երկրներում։ Առաջին անգամը չէ, որ դուք կեղծում եք, ձեր ճորտն էլ ծառայում է ձեզ համար»։

Միջազգային հանրության հետ հարաբերվելու այսպիսի կուլտուրա ունեցող եկեղեցու սպասավորները, փաստորեն, հավակնում են ՀՀ-ում իշխանություն փոխել, փոխելուց հետո էլ՝ հարաբերել նույն այդ հանրության հետ ու կանխել երկրիս սպառնացող մարտահրավերները։

Հիշեցնենք՝ Բագրատ սրբազանը դատի է տվել civic.am-ին և կայքի թղթակից Դավիթ Լևոնյանին՝ իրեն զրպարտելու, մասնավորապես «ԿԳԲ-ից հրաման կատարող», «ԿԳԲ-ի գործակալ» անվանելու համար։ Պարոնայք սրբազանները, փաստորեն, օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀ-ում ժողովրդավարության բարձր մակարդակ է, զբաղված են ՀՀ ղեկավարին զրպարտելով՝ վերջինիս անվանելով (այլ բառեր գործածելով) մեկ այլ երկրի «գործակալ»։ Երևի համոզված են, որ խոսքի ազատության նման մակարդակ թույլ տալու համար չեն կանչվի դատական պատասխանատվության։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *