Աիդա Սարգսյանը՝ կորստի, ուժեղ լինելու, դստեր եւ նախկին ամուսնու հետ հարաբերությունների մասին

«Ամեն տարի եկել եմ Հայաստան, ուղղակի չեմ հանրայնացրել ու համերգային գործունեություն չեմ ծավալել»՝ զրուցակիցս Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Աիդա Սարգսյանն է։ Նա ապրում է դստեր հետ, որն արդեն 14 տարեկան է ու ընտրել է գիտության ճյուղը։ Մայրիկի ճանապարհը դժվար ընտրի, քանի որ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Աիդան դրան այդքան էլ կողմնակից չէ։

  • Ինչո՞ւ հեռացաք հայրենիքից:
  • Այդ ժամանակ հոգեվիճակս այնպիսին էր, որ ինձ ոչինչ չէր հետաքրքրում՝ փակել էի անգամ երգ ու երաժշտության էջը։ Կորցրի իմ անփոխարինելի գանձին՝ մայրիկիս։ Փորձում էի հաղթահարել սթրեսը, բայց՝ ապարդյուն։ Անընդհատ մայրիկիցս էի խոսում, մտքով միշտ իր հետ էի ու չէի կարողանում համակերպվել նրա կորստի հետ։ Անասելի կապերով էի իր հետ կապված, իրեն էի փնտրում ու ամեն ինչ իրեն էր հիշեցում։ Իսկ իմ հոգեկան անհավասարակշիռ վիճակը երեխայիս վրա էր ազդում։ Ամեն անգամ ասում էր․«Մամա ջան, մի՛ լացիր, տատիկը վերեւից նայում է»։ Չէի հարմարվում, քանի որ մայրս իր ոտքով էր գնացել բժշկի… Մի խոսքով՝ ուշքի չէի գալիս ու որոշեցի գոնե որոշ ժամանակ հեռու լինել այն վայրերից, որ իրեն էին հիշեցնում։ Ինքս ինձ ներշնչեցի, որ պետք է գնամ, ու վերջ։
  • Հասաք Միացյալ Նահանգներ ու ամեն ինչ սկսեցիք զրոյից։ Ի՞նչ էիք անում այնտեղ:
  • Նոր միջավայր, նոր օրենքներ, նոր շփումներ։ Անկեղծ ասած՝ նեղվել էի գործընկերներիցս: Երբ զանգահարեցի ու ասացի՝ տեղափոխվել եմ, անմիջապես կորան։ Անգամ համարս չէին փոխանցում ինձնով հետաքրքրվողներին՝ ասելով, թե այլեւս չեմ երգում: Բայց չէին պատկերացնում, որ կապի այլ միջոցներ էլ կան… Չգիտեմ՝ ինչու էր իրենց թվացել, որ եթե ինձ բարեւեն, իրենցից ինչ-որ բան կուզեմ։ Ոչ մեկից ոչինչ չեմ խնդրել:

  • Շփվո՞ւմ եք այստեղից գնացած ու այնտեղ բնակվող արտիստների հետ։
  • Բացարձակ ոչ մեկի հետ, միայն՝ բարեւ եւ ցտեսություն։ Իսկ այն միտքը, թե Ամերիկան է փոխում մարդկանց, ճիշտ չէ, պարզապես ցույց է տալիս իրական դեմքը:
  • Ձեզ այնտեղ լա՞վ եք զգում:
  • Լավ զգալը հարաբերական է, բայց չեմ կարող աղջկաս ասել՝ վերջ, գնացինք։ Նա այնտեղ սովորում է ու պլաններ ունի։ Ես էլ մանկավարժի դիպլոմ եմ ստացել ու հիմա էլ բժշկություն եմ սովորում։ Ի դեպ, մանկուց երազել եմ բժշկուհի դառնալ։
  • Գիտեմ, նաեւ լավ լողորդ եք, ավելին՝ վարպետի թեկնածու։
  • Այո, 8 տարի զբաղվել եմ պրոֆեսիոնալ լողով։ Ու դա էլ իմ կյանքում շատ պատահական եղավ։ Ծնողներիս հետ գնացել էինք հանգստանալու, վերջին օրն էր՝ ծովում էինք, երբ ալիքը հարվածեց, ինձ կորցրի ու սկսեցի գոռալ․«Օգնե՜ք»։ Այդ դեպքից հետո որոշեցի՝ ես Աիդան չեմ լինի, եթե լավ լողորդ չդառնամ։

  • Աիդա, երկու եղբայր ունեք, միշտ ասել եք, որ ապահովված ընտանիքում եք ապրել: Բայց ձեր անունը տարբեր օլիգարխների հետ էին կապում՝ ասելով, որ իրենք են Ձեր ճանապարհը հարթել դեպի երգարվեստ։
  • Շատ ճիշտ եք, իմ անունը տարբեր մարդկանց հետ են կապել։ Իսկ Դուք գիտեի՞ք, որ ես իբր տղա ունեմ այդ օլիգարխից։ Ամեն ինչ հեքիաթի ժանրից է։ Միշտ ասում էի՝ կծանոթացնեք ինձ երեխաներիս հետ։ Դա մինչեւ իմ ամուսնանալն էր։ Հետո զուգերգ կատարեցի, ասացին՝ իրար հետ ենք։ Այդ ժամանակ շատ ծանր էի տանում, սկսում էի ապացուցել, որ այդպես չէ։ Մայրս մի օր ասաց՝ պետք է պատրաստ լինեմ նման խոսակցությունների։
  • Այսօր նոր երգերով հանդես չեք գալիս, ի՞նչն է պատճառը։
  • Այսօր գրվող երգերը շատ կարճ կյանք են ունենում՝ մեկ շաբաթ լսում ես, անցնում գնում է։ Համացանցը ողողված է աղբով ու էժանագին երգերով։ Նման երգերն իմը չեն: Իսկ նոր երգեր կլինեն։

  • Ձեր ամուսնությունն էլ բուռն քննարկվեց, հետո արդեն՝ ամուսնալուծությունը։ Ձեր 14-ամյա դուստրը շփվո՞ւմ է հայրիկի հետ:
  • Իհարկե, շատ է կապված։ Մենք 7 տարի է՝ Նահագներում ենք, ու նրանց շփումը մի օր չի դադարել։ Ամեն ինչ հայրիկի հետ քննարկում է։ Երբեմն ավելի շատ, քան՝ իմ։ Երբեք ամուսնալուծության կողմնակից չեմ եղել, բայց ստացվել է։ Միջադեպ եղավ, ու զգացինք, որ ավելի լավ է բաժանվենք ու լավ ընկերներ լինենք։ Մենք կռվով չենք բաժանվել, հիմարություն է դա։ Առողջ հարաբերություններ ունենք։ Ավելին ասեմ՝ այսօր Հայաստանում մեզ հյուրընկալել է երեխայիս հայրը։
  • Հերթը բլիցինն է. ինչի՞ց ես վախենում:
  • Մենակությունից:
  • Ափսոսում:
  • Որ շատ բաներ չեմ արել:
  • Թույլ կողմերը:
  • Շատ պարզ եմ ու անմիջական։
  • Ուժեղ կողմերը:
  • Օ՜, ուժեղ եմ։

  • Ձեր աղջկա մեջ Ձեզ տեսնո՞ւմ եք:
  • Այո, ինձ պես համառ է ու նպատակասլաց։
  • Հավատո՞ւմ եք:
  • Ցանկացած իրավիճակում գլուխս վերեւ եմ բարձրացում ու ասում՝ փառք տիրոջը՝ Աստծուն։

Զրուցեց Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *