Թուրքական պետությունների կազմակերպության Շուշիի գագաթաժողովը «անկախ» նրանից «թե ինչ» համաձայնություն կհրապարակվի «արձանագրում է ՀԱՊԿ մահը», որ «ըստ էության» տեղի է ունեցել 2021թ. թուրք-ադրբեջանական հռչակագրի ստորագրմամբ, բայց Մոսկվան մինչեւ վերջին պահ հույս էր փայփայում, որ ռեանիմացիան հնարավոր է: Չինաստան-Ադրբեջան ռազմավարական համագործակցության մասին հռչակագիրը «վերջին մեխն» էր, որ Իլհամ Ալիեւը սառնասրտորեն խփեց ՀԱՊԿ-ի «դագաղին»:
Նախագահի պաշտոնում ռեֆորմիստ Փեզեշքիանի ընտրությունը ռուս-իրանական համապարփակ համագործակցության մասին պայմանագրի ստորագրումը դնում է հարցականի տակ:
Այդ է վկայում Փեզեշքիանին հղած, որ Պուտինի ուղերձը, որտեղ ռուս-իրանական հարաբերությունները գնահատված են միայն «բարեկամական, բարիդրացիական,»: Թեհրանը եւ Մոսկվան արդյունավետորեն կոորդիանացնում են միջազգային օրակարգի հարցերի լուծման ջանքերը,- ասված է ուղերձում, որով Պուտինը հույս է հայտնում, որ նախագահի պաշտոնում Փեզեշքիանի գործունեությունը «կնպաստի երկկողմ կառուցողական հարաբերությունների հետագա զարգացմանը,»:
Սա խոստովանություն է, որ Ռուսաստանը եվրասիական տարածաշրջանում հայտնվում է ռազմա-քաղաքական վակուումի մեջ: Հավանաբար, իրավիճակ հաղթահարելու երեք տարբերակ կա. Ուկրաինայում տակտիկական միջուկային զենք կիրառել եւ կապիտուլյացիա պարտադրել, ընդունել կարգավորման արեւմտյան առաջարկությունները, ասոցացվել Թուրքական պետությունների կազմակերպությանը:
Բացառված չէ, որ այս վերջին տարբերակը քննարկելու համար է Վիկտոր Օրբանը Մոսկվայից Ֆիզուլի թռել: Ռուսաստանյան մամուլը հղումներ է անում Օրբանի հեղինակած հոդվածին, որտեղ նա ՆԱՏՕ-ին մեղադրում է «պատերազմ հրահրելու եւ ինքնասպանության ճանապարհ ընտրելու» մեջ: Շուշիում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը որոշ արեւմտյան երկրների քննադատել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում «միայն Հայաստանի շահերին նախապատվություն տալու» համար:
Հասկացվում է, որ Թուրքիան դեմ է հայ-ադրբեջանական կարգավորման ամերիկյան մոդերացիային, եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հազիվ թե Վաշինգտոն մեկնի: Համենայն դեպս, չափազանց նվազ է հավանականությունը, որ ԱՄՆ-ին կհաջողվի Միրզոյան-Բայրամով հանդիպում կազմակերպել: Մանավանդ որ Իլհամ Ալիեւը գնահատել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում Ղազախստանի նախագահի ջանքը, իսկ Տոկաեւը Շուշիում հայ-ադրբեջանական բանակցությունների հարթակ ապահովելու պատրաստակամություն է հայտնել:
Արեւմուտքի հանդեպ Վլադիմիր Պուտինի պաթոլոգիկ ատելությունը, եվրաատլանտյան քաղաքակրթության նկատմամբ նրա ֆոբիաները, Ռուսաստանը կանգնեցրել է միջազգային քաղաքականության սուբյեկտության սպառման հեռանկարի առաջ: Ամենայն հավանականությամբ, հիպոթետիկ են ռուսաստանցի որոշ քաղաքագետների այն պատկերացումները, որ Թուրքիան «կհեռանա ՆԱՏՕ-ից»:
Գուցե կհեռանա, բայց ոչ հանուն Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցության, այլ՝ որպեսզի Ռուսաստանը վերադառնա Ոսկե հորդայի ժամանակների ստատուս-քվոյին: Ռուսաստանում «բազմադավան, բազմամշակութային ինքնության» նկատմամբ սուր անվստահություն է դրսեւորվում: Ինչ որոշում կընդունի Վլադիմիր Պուտինը կամ ներվերնախավային խմբերն ի՞նչ որոշում կկայացնեն նրա վերաբերյալ:
Նյութի աղբյուր