Իսլամաբադում Պակիստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի նանակցություններն ավարտվել են ավելի քան մեկ տասնյակ համաձայնագրերի ստորագրմամբ, որ հիմնականում վերաբերում են տնտեսությանը: Պակիստանն անցյալ տարվա ջրհեղեղից հետո լրջագույն խնդիրներ ունի: Ըստ տեղեկությունների, մոտակա մի քանի տարիներին Ադրբեջանը երկու միլիարդ դոլարի ներդրումներ կկատարի: Այսքան՝ հրապարակային մասով: Մեծ է հավանականությունը, որ կողմերը նաեւ ռազմական ոլորոտւմ համագործակցության համաձայնության են հանգել, որ առայժմ գաղտնի է պահվում:
Նման ենթադրության մասին է խոսում բանակցություններից հետո։ Մամուլի համար Իլհամ Ալիեւի հայտարարությունը, որտեղ նա Պակիստանի հետ հարաբերությունները գնահատել է «եղբայրական» եւ քառասունչորսօրյա պատերազմում Իսլամադի ցուցաբերած «քաղաքական աջակցության» համար երախտագիտություն հայտնել։ Ալիեւն անդրադարձել է Պակիստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող՝ Ջամու-Քաշմիրի խնդրին։
Նա հայտարարել է, որ միանշանակորեն սատարում է Պակիստանի դիրքորոշմանը: Ալիեւի բնորոշմամբ՝ ճշմարտությունը, արդարությունը եւ միջազգային իրավունքը Պակիստանի կողմից են, ուստի պետք է կատարվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւրի պահանջները: Ջամու-Քաշմիրի խնդիրը գոյություն ունի 1947 թվականից՝ Հնդկաստանի եւ Պակիստանի անկախությունից ի վեր: Տեղաշրջանը նախ անկախություն է հռչակել, ապա, ենթարկվելով Պակիստանի կողմից հարձակման, հայտարարել Հնդկաստանին միանալու մասին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը Պակիստանին կոչ է արել դուրս բերել զորքերը, Հնդկաստանին՝ նվազագույնի հասցնել անվտանգության ուժերը եւ ստեղծել հանրաքվեի անցկացման մարմին:
Վեճն առայսօր մնում է չկարգավորված: Իլհամ Ալիեւը, թերեւս, նկատի ունի Ջամու-Քաշմիրում ինքնորոշման հանրաքվեի անցկացումը: Երկու տարի առաջ Հնդկաստանի խորհրդարանը լուծարել է Ջամու-Քաշմիրի առանձնահառուկ կարգավիճակը, սահմանելով, որ այն երկրի նահանգներից մեկն է:
Իլհամ Ալիեւը Պակիստան է ուղեւորվել Հնդկաստանի վարչապետ Մոդիի Մոսկվա այցից երկու օր անց: Իսլամաբադում նա Հնդկաստանին քաղաքական պատերազմ է հայտարարել եւ հպարտացել, որ Ադրբեջանը մի երկիր է, որ երբեք դիրքորոշումը չի թաքցնում եւ հետեւողականորեն պաշտպանում է:
Նույն օրը լուծարված Միլլի մեջլիսի խոսնակ Գաֆարովան ԲՐԻԿՍ-ի խորհրդարանական համաժողովի ելույթում հայտարարել է այդ կազմակերպությանն Ադրբեջանի անդմակացլեւ ցանկության մասին: Հնդկաստանը ԲՐԻԿՍ-ի հիմնադիր անդամ է, վարչապետ Մոդին կմասնակցի կառույցի հոկտեմբերին կայանալիք գագաթաժողովին:
Քաղաքական տրամաբանությունից ելնելով՝ Ալիեւը չպետք է Հնդկաստանի դեմ նման կոշտ հայտարարություն աներ, եթե իրոք ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ցանկություն ունի, որովհետեւ Ջամու-Քաշմիրի հարցում նրա հնչեցրած տեսակետից հետո Նյու-Դելին հազիվ թե սատարի ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի ցանկությանը:
Իսլամաբադի հետ ի՞նչ համաձայնության է եկել Ալիեւը, որ իրեն թույլ է տվել գրոհել Հնդկաստանի աշխարհաքաղաքական դիրքերը՝ անտեսելով նաեւ ռուս-հնդկական հարաբերությունները: Պակիստանից Ադրբեջանը տնտեսական ակնկալիք չունի, չի կարող ունենալ: Մնում է ռազմական բաղադրիչը: Բայց եթե խնդիրը զուտ առքուվաօառքի տիրույթում լիներ, ապա Ալիեւը հանուն պակիստանյան կործանիչների կամ բալիստիկ հրթիռների փորձության չէր ենթարկի Հնդկաստանի հետ հարաբերությունների հեռանկարը: Ըստ երեւույթին, Պակիստանը խոստացել է միանալ թուր-ադրբեջանական ռազմական պակտին: Միայն այդ դեպքում է հնարավոր, որ Ալիեւը Ջամու-Քաշմիրի խնդիրը ներկայացնի որպես Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթություն: Ո՞րն է լինելու Հնդկաստանի պատասխանը:
Նյութի աղբյուր