Կառավարությունը հաստատել է․ արձանը ոչ թե 77, այլ 99 մետր է լինելու. Ծառուկյանը՝ աղմկահարույց պրոյեկտի՝ Հիսուս Քրիստոսի արձան-համալիրի մասին

«Հիմա Կառավարությունը հաստատել է, թույլտվություն տվել է արդեն։ Ու արձանը ոչ թե 77, այլ 99 մետր է լինելու։ Ու դա, հիմնականում, իմ մտքով անցնելով, որ մենք ամբողջ աշխարհին հպարտանալու, ասելու, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, և Քրիստոսի արձանը որպես մշակութային կենտրոն Հայաստանում է»,- Հայաստան-Արցախ երիտասարդական միության կազմկոմիտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Հավաքի ժամանակ երիտասարդներից մեկը հետաքրքրվել է արձանի բացմամբ ու նշել, թե ցանկանում են մասնակցել մոնումենտալ արձան-համալիրի շինարարական աշխատանքներին։

Գործարար, նախկին պատգամավորն էլ նշել է, թե առաջիկայում բարձրանալու է (Հատիս լեռ) և գուցե երիտասարդներին էլ կհրավիրի. «Կնայենք, կմտածենք ու կասենք՝ ինչ է պետք անել. կարևորը ձեր անունով՝ միության անունով կգրվի, հիմնաքարը կդրվի, ձեր բարեկամներին, բալիկներին էլ, սաղին էլ կներկայացնեք, որ դուք ներդրում ունեք այդ մշակութային կենտրոնը կառուցելու, աշխարհին ներկայացնելու համար»,- խոստացել է 2021թ. ԱԺ ընտրություններում պարտված ԲՀԿ առաջնորդը։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում գտնվող Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման հիմնարկեքը տեղի ունեցավ 2022 թ. հուլիսի 9-ին։ Համալիրի կառուցումը տեղի է ունենում «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» միջոցներով։ Դատելով հիմնադրամի 2022, 2023 թթ. տարեկան հաշվետվություններից՝ երկու տարվա ընթացքում համալիրի վրա ծախսվել է ընդհանուր ավելի քան կես միլիարդ դրամ. 2023 թվականին 422 մլն 509 հազար 263 դրամ, 2022 թվականին՝ 93 մլն 100 հազար դրամ։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի տնօրենը ԲՀԿ ղեկավար Գ. Ծառուկյանի դուստրն է՝ Անահիտ Ծառուկյանը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդու կինը։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն են Գագիկ Ծառուկյանը, նրա մայրը, կինը, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու Դավիթ Մանթաշյանը։

Գագիկ Ծառուկյանն այս տարվա մայիսի 14-ին հայտարարեց, որ Քրիստոսի արձանը պատրաստ է, և այն կբացվի եկող տարվա վերջին։ «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցույթի հաղթող է ճանաչվել քանդակագործ Արմեն Սամվելյանը։ Իր և իր ընտանիքի ցանկության մասին՝ կառուցել նման հուշարձան, 2021 թ. ԱԺ ընտրություններում պարտված ԲՀԿ ղեկավարն ազդարարեց 2022-ի հունվարին։ Մայր աթոռը, Գերագույն հոգևոր խորհուրդը և մի շարք հանրային գործիչներ, այդ թվում և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, դեմ արտահայտվեցին գաղափարին՝ ընդգծելով՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը հարիր չէ Հայ Առաքելական եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։

«Քանի որ խնդիրը վերաբերում է բացառապես Հայ առաքելական եկեղեցու իրավասության ոլորտին, որին պետությունն անգամ միջամտելու իրավունք չունի, ապա, իմ խորին համոզմամբ, Հայոց եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդն, ըստ արժանվույն գնահատելով հանդերձ ազգային բարերար Գագիկ Ծառուկյանի անժխտելի երախտիքը եկեղեցաշինության գործում, այնուամենայնիվ պետք է կտրականապես մերժի այդ գաղափարը, որովհետև այն հակասում է Հայոց եկեղեցու 1700-ամյա պատմության սրբագործված ավանդույթին»,- իր հայտարարության մեջ նշել էր Գագիկ Ծառուկյանի հետ 2015-ին բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն նախաձեռնած, բայց չհաջողած առաջին նախագահը։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *