Armtimes.com-ը գրում է․ Երևանի փողոցներով քայլելիս, եթե մի պահ փորձես փակել աչքերդ ու «լսել» քաղաքը, մեղմ ասած՝ այնքան էլ հաճելի պատկեր չես ստանա. անընկալելի արագությամբ սլացող մեքենաներից ու ռեստորաններից հնչող երաժշտությունը կենտրոնում դոմինանտ է:
Երգիչ-երգահան Ռիչարդ Մադլենյանն ասում է, որ «ռաբիս» երաժշտության մշակույթը Հայաստանում հետսովետական ամբողջ վարքերի ու բարքերի արդյունքում է ձևավորվել: Ըստ նրա՝ դա «այլանդակություն է և անտանելի», ինչը մեր հասարակությանը, մշակութային քաղաքականությանն ու ազգային անվտանգությանը ուղիղ սպառնալիք է:
«Հակահայկականությունը միայն ռաբիսի ոլորտում չէ, եթե վերցնենք փոփ երաժշտության մշակույթը, աղետ է ուղղակի: Սովետի ժամանակվանից ներմուծվեց այդ ադրբեջանական աղբը. Զեյնաբ Խանլարովան գալիս էր, «Հրազդան» ստադիոնը լցնում էր, ամբողջ ազգը գնում, Բաքվի «մյուզիքն» էր լսում: Իհարկե, դա սովետից սկսեց ներթափանցել մեր մեջ, հետո արմատացավ, դարձավ մշակույթ, կիսաադրբեջանական, թուրք-ազերական ժողովրդական խմբերը ձևավորվեցին, որը, ըստ իս, բացարձակ կապ չունի, օրինակ, Կոմիտասի և Կոմիտասի ստեղծած երաժշտության հետ»,- ասում է Մադլենյանը:
Երաժշտի խոսքով՝ սա արդեն 100 տարուց ավելի ձևավորված մշակույթ է, որը մտել է ժողովրդի մեջ, և բավական մեծ աշխատանք է պահանջվում փոխելու համար:
«Երբ որ փողոցով քայլում ես, չձևավորված ֆուֆլոններ կան, մեքենաների ղեկին նստած՝ գլուխները դուրս տնկած՝ անճաշակ երաժշտությամբ… Չեմ էլ ուզում դրա մասին խոսել, որովհետև միշտ է եղել, իսկ դրա կնքահայրը եղել է այն ֆիլմը, որ ամբողջ ազգով պաշտում են՝ «Մեր բակը»՝ աշխարհի ամենադեգեներատ ֆիլմերից մեկը, որը սկիզբ դրեց անկախ Հայաստանի ֆուֆլոնային մշակույթի ձևավորմանը:
Այն, որ սովետից հետո ազատությունը եկավ, ֆիլմը նկարեցին, ամբողջ քաղաքային կեղտը լցրին դրա մեջ՝ «մանթո ես», «ժամո ես», չգիտեմ՝ ինչ ես, դա դարձավ պոպուլյար, հիմք հանդիսացավ, որ ամբողջ ազգը մինչև հիմա՝ 30 տարի մեքենաներից աքլորների նման գլուխները դուրս հանած շրջեն քաղաքում: Հասկանո՞ւմ եք, թե ի՜նչ ազդեցություն կարող է ունենալ մշակույթը:
Սա, ըստ իս, եղավ հասարակության կործանման առաջին հիմնասյունը, դրանից հետո սկսեցին այդ բովանդակության և կոլորիտի դրսևորումները դառնալ դոմինանտ, որը դարձավ աղետալի»,- ասում է Ռիչարդ Մադլենյանը:
Զրուցակիցը նշում է, որ յուրաքանչյուր մարդ իր հասարակության պրոդուկտն է, և յուրաքանչյուր մարդ ձևավորվում է հասարակությունում եղած արժեքներով և բարքերով, վերցնում այն, ինչ տեսնում է. «Եթե սա ընկալվում է որպես մշակույթի մաս, ապա այս մշակույթը հասարակություն ձևավորելու հարցում զրոյական շանսեր ունի, որովհետև չի կարող նման երաժշտությունը, կամ նման որակի նկարահանված ֆիլմերը, սերիալները, կամ մշակույթի ցանկացած այլ ոլորտում ստեղծված որևէ գործ անդրադառնա գեղեցիկ հասարակության ձևավորման և գեղեցիկ մտածողության վրա:
Իսկ եթե մենք չունենք գեղեցիկ և էսթետիկ մտածողություն, ունենում ենք 30 տարվա այն աղբը, որն ունեցել ենք, և դրա արդյունքում ծնվում են ֆուֆլոները, իսկ դա հասարակության այն զանգվածն է, որը ամեն կերպ խոչընդոտում է պետականության ձևավորմանը և կայացմանը»:
Նյութի աղբյուր