Հարձակվել է մոր և երեխայի վրա, հետո՝ օգնության հասածների. ու՞մ շունն է Ոսկեհասկում վնասել բնակիչներին. մանրամասներ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 16-ին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել էր քաղաքացիների վրա: 5 տուժած, այդ թվում՝ 4 տարեկան երեխա, տեղափոխվել էին Գյումրի ԲԿ:

Երեխան ավելի ուշ տեղափոխվել է Երևան՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»:

Հիվանդանոցից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին՝ այս պահին երեխայի վիճակի հետ կապված շատ բան հանրայնացնել չեն կարող:

«Երեխան գտնվում է բժշկական թիմի հսկողության տակ: Նաև նախարարությունից մասնագիտական այց է եղել, տեսակցել են երեխային»,- նշեցին հիվանդանոցից:

Ո՞ւմ շունն է եղել հարձակվողը, ու ովքե՞ր են տուժել:

Մեզ հետ զրույցում Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանն ասաց՝ հայտնի չէ: Հրապարակումները, թե շունը տուժածների հարևաններինն է, սուտ է: Ավելին՝ տուժածները ոչ թե նույն ընտանիքի անդամներն են, այլ՝ տարբեր: Դեպքը տեղի է ունեցել գյուղի առվի մոտ:

«Արձակ շուն է եղել, մայրն ու երեխան առվի կողքով բարեկամի տուն գնալիս են եղել, էդ պահին հարձակվել է վրաները: Հարձակվել է երեխայի վրա, ձայներից կողքի ապրողները եկել են օգնության, իրենց էլ է գզել: Էդ երեխայի տունն ու օգնության հասածների տները 2 կմ իրարից հեռու են, բարեկամի տունն է եղել էդ տարածքում»,- մանրամասնեց Սահակյանը:

Երեխան, ըստ վարչական ղեկավարի, բարդ վիրահատության է ենթարկվել, ճշտել, իմացել է, որ նաև ծնոտն է եղել կոտրված, քթի հետ կապված էլ խնդիրներ են եղել:

«Շատ ահավոր վիճակ էր: Գյուղից Գյումրի էին տեղափոխում համայնքի բնակիչներից մեկի մեքենայով, շտապօգնությունը դեմ եկավ, տեղափոխելու ժամանակ եմ երեխուն տեսել, ահավոր էր»,- ասաց նա:

Հարձակման դեպքից հետո շունը վնասազերծվել, քնեցվել է. «Տարել ենք, մի անասնագոմի նման բան կար, հացուջուր գցենք լուսամուտից, մինչև տեսնինք՝ ինչ կեղնի»:

Ոսկեհասկում թափառող շատ շներ կան: Վարչական ղեկավարի խոսքով՝ ամեն կերպ փորձում են խնդիրը կարգավորել, չի հաջողվում:

«Պետք է գային, հավաքեին տանեին, էնպես չէ, որ վայրիվերո վիճակ է, ուղղակի մարդիկ կան՝ իրենց դռներից կբրախեն շներին գյուղի մեջ, որ ուզենանք էդ շներին լիկվիդացնենք, մեկ էլ տեսար՝ տերը կհայտնվի: Էդ վիճակն է: Շները անտեր ու դուրս, մեկը մե տեղմ ձագ է հանե, մեկը՝ ուրիշ տեղ, ու բազմացել են»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ հուլիսի 16-ի դեպքը եզակի է, նման բան գյուղում դեռ չէր եղել:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *