Գոյության տարածք. «Դավիս չհասցրի ասել՝ կներես»

2020-ի նոյեմբերի 7-ից մինչ օրս Արա Ռաֆայելյանի մտքում ամեն օր հնչում է որդու հետ հեռախոսային վերջին խոսակցությունը. «Պա՛պ, աղոթիր ինձ համար, մահանում եմ»։ 

Շուշիի մերձակայքում շրջափակման մեջ ընկած, ընկերների մահը սեփական աչքերով տեսած, վերջին շնչում հորը հրաժեշտ տված Դավիթ Ռաֆայելյանը 19 տարեկան էր։ Ի հիշատակ զոհված որդու՝ հայրը Արտաշատ համայնքում երաժշտական փառատոն է հիմնադրել, որը մասնակիցներին կօգնի սովորել, ձգտել ու բեմ բարձրանալ։ Արա Ռաֆայելյանի խոսքով՝ գուցե հենց մշակույթն է լավագույն միջոցը զոհված տղաների կատարածը պահելու և ապրողների մեջ լույսը շատացնելու համար։ 

Դավիթ Ռաֆայելյանը զոհվել է Շուշիի ճանապարհին, նոյեմբերի 7-ին: 

Նա սերժանտ էր։ Հայտնի է, որ Դավիթն օրեր շարունակ Հադրութում եղել է շրջափակման մեջ, ապա իր պատասխանատվության տակ գտնվող նորակոչիկների հետ փրկվել, տեղափոխվել այլ դիրքեր: Ծնողներին ոչինչ չի պատմել, ու միայն հեռուստատեսությամբ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի» ղեկավար Արծրուն Հովհաննիսյանի ցուցադրած քարտեզով է հայրը հասկացել, որ որդու դիրքերն անցել են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ:

Շրջափակումից դուրս գալուց հետո Դավիթին ու նրա վաշտը տեղափոխել են Ֆիզուլի, ապա Խնձրիստան, ինչից հետո` Շուշի: Արա Ռաֆայելյանը պատմում է, որ նոյեմբերի 4-ին որդին զանգել է իրեն ու ասել, որ լավ լուր ունի. «Մկրտվել եմ, այստեղ քահանաներ են եկել»:

Երբ արդեն ծանոթների շրջանում սկսել են լուրեր տարածվել, որ իրականում տղաների կյանքը վտանգված է, ու նրանք Շուշիի մերձակայքում շրջափակման մեջ են, Արա Ռաֆայելյանը Արտաշատից գնում է Երևանում կամավորական ջոկատին անդամագրվելու։ Այդ ժամանակ զանգում է Դավիթը։ 

«Հեռախոսը միացրեցի ու լսեցի՝ պա՛պ, աղոթիր, մահանում եմ: Չհասկացա, ասեցի՝ ի՞նչ։ Կրկնեց նույնը, ասաց՝ պա՛պ, աղոթիր, էլ չեմ ուզում… ուժեղ ա ցավում: Բղավեցի՝ ի՞նչ ա եղել, ո՞ւր ես։ Ինձ կորցրի, ընկա: Էնտեղ ինձ օգնեցին: Հեռախոսը վերցրի, ասեցի՝ ինչ ա եղել, տղես: Ասաց՝ վիրավոր եմ, մի տեղից չի. մեջքս խփած ա, ուսս խփած ա, ձեռքս խփել են: Խնդրում եմ՝ աղոթիր ինձ համար… Էլ չնայեցի, որ շուրջս մարդիկ կան, հենց կանգնածս տեղը ծնկի իջա ու բարձր սկսեցի «Հայր մերն» աղոթել։ Դավս լսեց, ասաց՝ պապ, ի՜նչ լավ ա… Հեռախոսն անջատվեց: Կապ հաստատեցինք Արցախի իշխանությունների հետ, մեզ ասեցին, թե մարդ կուղարկենք էդ տարածք: Էդ օրը սկսեցի գնալ հոսպիտալներ, ինձ հույս էին տալիս, որ հիմա հաստատ հանել են էրեխեքին, որ նախարարությունը տեղյակ ա, հիմա հաստատ հանում են, գնացինք Վարդենիս, Մարտունի, տեսանք չկա, մյուս օրը գնացի Արցախ: Գնացի ու իմ աչքով տեսա, որ էրեխեքը Շուշիի ճանապարհին… առանց պոստի, առանց հրամանատարի: Իրանք մենակ էին մնացել»,- պատմում է Արա Ռաֆայելյանը:

Երկար լռելուց հետո, նա շարունակում է. «Էսքան տարի է անցել, Դավի սենյակում ոչինչ չեմ փոխել։ Երբ դեռ պատերազմ էր, նրա անկողնում էի քնում, որ կարոտս առնեմ… եղածից հետո ոչ ոքի չեմ թողնում էստեղ մտնեն… Երբ մտածում եմ, թե ի՛նչ կուզեի իրեն ասել, որ չեմ հասցրել՝ «կներես» բառն է գալիս։ Դավիս չհասցրի ասել՝ կներես։ Մեղավոր եմ ինձ զգում նրա առաջ։ Երևի միշտ մեղավոր կզգամ»։

Արա Ռաֆայելյանը նշում է, որ որդու հետ վերջին խոսակցություններից մեկի ժամանակ խոստացել էր՝ երբ պատերազմն ավարտվի, «ամբողջ պոլկին մեր սարքած գինիից եմ բերելու». «Տարիներ առաջ ես լուրջ հիվանդացել էի, բժիշկները խորհուրդ էին տվել գինի օգտագործել, իմունիտետս բարձրացնել։ Շատ բաներ փորձեցի, բայց որակն էն չէր, ու որոշեցինք Դավիս հետ միասին մեր գինին պատրաստենք… Հետո նա բանակ գնաց… հետո պատերազմը։ Հետո երկար ժամանակ անցավ, մտքիս եկավ, որ խոստումս էդպես էլ չեմ կատարել, գինին չեմ տարել։ 

Համացանցում գրեցի, որ այսինչ օրը Եռաբլուր եմ գնալու, ովքեր 5-րդ գումարտակում ծառայել են կամ ծառայող են ունեցել, թող գան։ Շատ մարդ արձագանքեց, շատերը եկան։ Բոլորին մեկական շիշ գինի տվեցի, բացի նրանցից, նաև 19 տարեկան տղաների շիրմաքարերի մոտ դրեցինք, որ երբ ծնողները գան, տեսնեն, վերցնեն։ Ինձ այդ քայլը մի քիչ թեթևություն բերեց։ Ոնց որ խոստումս կատարեի, որը Դավին էի տվել։ Տղաները չխմեցին, թող որ ծնողները խմեն… Հետո համացանցում տեսա այդ ծնողների արձագանքը, շատ գրառումներ էին արել, շատերի համար դա դարձավ իրենց տղաների հետ նորից առնչվելու, նրանց կենդանությունը զգալու ևս մեկ առիթ։ Դավը գոհ կլիներ։ Նախկինում գինին անուն չուներ, տղայիս զոհվելուց հետո այն անվանեցի «Դավ»»։

Արա Ռաֆայելյանը իր ժամանակի մեծ մասը տրամադրել է որդու հետ հիմնած գինու արտադրամասը ընդլայնելուն, բարելավելուն ու զարգացնելուն։ Այնպես, ինչպես ցանկանում էր Դավիթը։ «Գինիները ես հիմա վաճառում եմ, բայց ոչ Դավիս հետ 2017-2018-ին շշալցվածները։ Մյուսները որոշ տեղերի տալիս եմ, բայց այնպես չեմ անում, ինչպես կզբաղվեի լիարժեք բիզնեսով։ Երևի դեռ պատրաստ չեմ։ Բայց շատ լուրջ հոգ եմ տանում, որ որակը լավագույնը լինի։ Հույս ունեմ, որ մի օր «Դավ» գինին հայտնի կդառնա։ 

Իսկ արդեն այս տարի զինվորի հայրն իրականացրել է որդու երկրորդ մեծ ցանկությունը, որը կապված է երաժշտության և մշակույթի տարածման հետ։

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հունիսի 23-ին տեղի է ունեցել Դավիթ Ռաֆայելյանի անվան երաժշտական առաջին փառատոնը, որը նվիրված է եղել ոչ միայն Դավիթի, այլև 44-օրյա պատերազմում զոհված բոլոր տղաների հիշատակին։ Ելույթ ունեցողները համայնքի տարբեր մշակութային կառույցների ներկայացուցիչներ էին։ «Դա և՛ մշակութային իրադարձություն էր, և՛ հնարավորություն, որ անհայտ, երիտասարդ երգիչներ, երաժիշտներ, պարողներ բեմ բարձրանան, ներկայանան։ Հույս ունեմ, որ ամեն տարի կկարողանանք ավելի զարգացնել փառատոնն ու ավելի արդյունավետ դարձնել այն… Դավիթը սիրում էր նվագել, սիրում էր երաժշտություն։ Իր կյանքի ընթացքում նա հասցրեց այնքա՜ն բանով զբաղվել… Այդ պատճառով է, որ փառատոնը բոլոր նրանց համար է, ովքեր ինքնարտահայտվելու, իրենց ներկայացնելու և հարթակի կարիք ունեն»,- ասում է Դավիթի հայրը։

Կադրեր միջոցառման տեսանյութից

Հնարավոր չէ հաշտվել գրեթե չորս տարի առաջ եղածի հետ. «Ինչպե՞ս կարող ես մոռանալ կամ չզգալ։ Ինչքան էլ ժամանակ անցնի, միևնույն է, դա արդեն մեր կյանքն է։ Այս ընթացքում բոլորս հասկացանք, որ ամեն ինչ ժամանակավոր է, երևի պետք է փորձենք փոքր ուրախություններ գտնենք։ 

Մեր տանը պատերի վրա տարբեր տեղեր գրություններ կան։ Երբ տունը սկսեցինք կառուցել, տղաս այս ու այն կողմ էր վազում ու քարերի վրա իր անունն էր գրում։ 

Իսկ մեր բակում էլ Դավի տնկած ծառերն են, որոնք նա իր ձեռքերով խնամում էր։ Երբևէ չէի կարող մտածել, որ մի օր Դավը չի լինի, բայց նրա հետ հիմնած այգին պտուղներ կտա։ 

Պատմությունը և լուսանկարները՝ Անի Գևորգյանի

MediaLab.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *