«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հրապարակել է իր կոշիկների նկարը՝ բրենդի և արժեքի նշումով՝ մանրամասնելով պատճառը:
«Օրերս lurer.com լրատվական կայքն անդրադարձել է իմ հանդերձանքին, մասնավորապես՝ կոշիկներին՝ ներկայացնելով, թե իբր հագել եմ Loro Piana բարձրակարգ բրենդի կոշիկներ։ Տեղեկությունը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։
Կարծում եմ՝ լրատվամիջոցների՝ տեղեկություններ փնտրելու և ստանալու իրավունքի իրացումը կարող էր ավելի արդյունավետ և հանրության համար օգտակար իրականացվել, մասնավորապես՝ կոշիկներիս ենթադրյալ բարձր գնի վերաբերյալ սուտ տեղեկատվություն տարածելու փոխարեն հանրությանն ավելի կարևոր ու իմաստալից տեղեկություններ է պետք հաղորդել։
Այնուամենայնիվ, եթե lurer.com-ի խմբագրակազմին հուզում է կոշիկներիս իրական արժեքը/բրենդը, ապա թյուրիմացությունից խուսափելու նպատակով այս հրապարակմանը կկցեմ կոշիկներիս նկարը՝ իր բրենդի և արժեքի նշումով:
Ինչ վերաբերում է մաքսանենգության մասին «լուրերին», որը նույնպես տեղ է գտել հոդվածում, նշեմ նաև, որ զրպարտությունը հերքելու պահանջով ներկայացրածս բոլոր հայցերը դատարանը բավարարել է։ Եվ հույս ունեմ, որ ստիպված չեմ լինի նաև lurer.com-ին դատական կարգով պարտավորեցնել հերքել իմ հասցեին արված զրպարտությունը:
Լիահույս եմ նաև, որ, եթե այս հրապարակման նպատակը ոչ թե պարզապես ինձ անվանարկելն է եղել, այլ բարեխիղճ լրագրությունը, լրատվական կայքը ողջախոհություն կունենա և նաև կհրապարակի իմ այս արձագանքը»,- գրել է Հակոբյանը:
Նյութի աղբյուր