4 անգամ կրակել են Հայաստանի չեմպիոն Վարդան Դավթյանի վրա․ նոր մանրամասներ Կոմիտասում տեղի ունեցած դեպքից

2024 թվականի հուլիսի 20-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում, բժշկական կենտրոն «աջ ազդրի բեկորային հրազենային վնասվածքով» բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչ:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), նախաձեռնվել է քրեական վարույթ:

35-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Տուժողի առողջական վիճակով պայմանավորված՝ նրա հետ դեռևս անհրաժեշտ քննչական գործողություններ հնարավոր չի եղել իրականացնել։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը հրազենային վնասվածքներն ստացել է Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բակում:

Դեպքի վայրում և այնտեղ գտնվող, տուժողին պատկանող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի զննության արդյունքում ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և առգրավվել են պարկուճներ, արյան հետքեր։ Առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, որոնք ենթարկվել են զննության։ Բժշկական կենտրոնից առգրավվել են վիրահատության արդյունքում մարմնից դուրս բերված գնդակը։

Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024թ. հուլիսի 20-ին՝ ժամը 15:22-ի սահմաններում, Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված տղամարդը կանգնեցրել է նույն հատվածով երթևեկող 35-ամյա տուժողի նշված ավտոմեքենան, ապա մոտենալով դիմացի ուղևորի հատվածին՝ բաց պատուհանից չորս կրակոց է արձակել նրա ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական և դատաքրեագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնին տրվել է քննության համար էական նշանակության հանգամանքներ պարզելուն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ էին հնչել Երևանում, ինչի հետևանքով ծանրամարտի Հայաստանի չեմպիոնը վիրավորում էր ստացել:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *