2024 թվականի հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա համեմատ, ամուսնությունների քանակը Հայաստանում կրճատվել է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելացել։
Ըստ Ազգային վիճակագրական տվյալների՝ միայն 2023-ի հունվար-փետրվարի համեմատ՝ 2024-ին 58-ով կրճատվել է ամուսնությունների քանակը: Հանրապետությունում գրանցվել է 2602 ամուսնություն՝ նախորդ տարվա 2660-ի փոխարեն։
Ամուսնալուծությունների քանակն էլ, ընդհակառակը, 2023-ի համեմատ ավելացել է 37-ով․ 2024 թվականի հունվար-փետրվարին արձանագրվել է ամուսնալուծության 698 դեպք՝ 2023 թվականի հունվար-փետրվարին արձանագրված 661-ի համեմատ:
Հոգեբան Իրինա Ծատուրյանը փաստում է՝ հոգեբանական թերապիայի դիմող կանանց և տղամարդկանց բողոքները ամուսնությունների վերաբերյալ աճել են։ Եթե 10 տարի առաջ ընտանեկան զույգը չէր դիմի հոգեբանի՝ խոսելու համար ամուսնալուծության թեմայից, ապա վերջին տարիներին նման դեպքերը շատ են։
Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում առանձնացրել է այն հիմնական պատճառները, որոնց համար կինն ու տղամարդը որոշում են գնալ ամուսնալուծության ճանապարհով։
«Առաջինը սոցիալական ֆակտորն է․ կանայք սկսել են աշխատել տղամարդկանց հետ հավասար, եթե ոչ՝ տղամարդուց ավելի։ Նախկինում կնոջ դերը հասարակության մեջ սահմանված էր այնպես, որ կինը զբաղվում էր տան գործերով, երեխաներով, իսկ տղամարդը՝ գումար վաստակելով։ Եվ այդ դեպքերում, անգամ չսիրելով միմյանց, միևնույն է՝ միասին էին ապրում, որովհետև ավանդույթներ ու հասարակական կարծիք էին հաշվի առնում։ Հիմա կինն է շատ հաճախ ընտանիքի կերակրողը։ Հարց է ծագում՝ դա անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ընտրություն. պարզ է, որ դա անհրաժեշտություն է, որովհետև նաև անցնող պատերազմների ընթացքում տղամարդկանց զոհվելու հետևանքով կինը ստիպված տղամարդու պարտականությունները վերցնում է իր վրա»,- ասում է նա։
Հոգեբանի խոսքով՝ այն կարծրատիպը, թե կինը թույլ օղակ է և պետք է տանը մնա, նույնպես վերջին տարիներին չքացել է հասարակությունից, հիմա աղջիկները 16 տարեկանից աշխատում են ու հետագայում՝ սեփական ուժերով պահում ընտանիքը։ Լինում է, որ շատ դեպքերում տղամարդը չի ցանկանում աշխատել, որն էլ դառնում է բաժանությունների պատճառ:
«Հաջորդ պատճառը հետևյալն է՝ հայ տղան ուզում է ամուսնանալ ֆինանսապես հարուստ աղջկա հետ, հիմա տղաները որոնում են հարուստ հարսնացուների, իսկ աղջիկները փնտրում են հարուստ փեսացուների։ Այսինքն՝ ոչ թե զգացմունքն են հաշվի առնում, այլ գումարը։ Սակայն լինում է, որ ամուսնանալով հարուստ տղայի հետ, աղջիկները տեսնում են, որ նրա սովորությունները չեն համպատասխանում ընտանեկան նորմերին»,-նշում է բանախոսը։
Ծատուրյանն իր ունեցած աշխատանքային փորձից պատմում է՝ հիմա արդիական է հատկապես այն հարցը, երբ ամուսինը կամ կինը գնում են երկրից՝ հետագայում վերամիավորվելու միտումով, սակայն տվյալ երկրում ապրելով, հեռանում են ամուսնական պարտականություններից ու բաժանվում ընտանիքից․
«Շատ հաճախ են հանդիպում դեպքերը, երբ, օրինակ, տղամարդը գնում է ԱՄՆ, խոստանում է կնոջը կանչել իր մոտ, բայց գնում է ու մոռանում ամեն ինչ։ Շատ հաճախ ընկերները, նշանածներն են նաև այդպես վարվում։ Այս ամենի հետևանքով ամուսնությունները նվազում են, իսկ ամուսնական ինստիտուտը զրկվում է իր արժեքներից։ Բաժանությունների և ամուսնությունների ավելացման և նվազման այլ միտումներ էլ կան․ ամուսնական զույգերից մեկը երեխա չի ցանկանում ունենալ»։
Զրուցակիցը մանրամասնում է, որ ամուսնալուծությունների գլխավոր պատճառը հիմա նաև դավաճանությունն է․ եթե նախկինում տղամարդկանց կողմից կնոջը դավաճանելու դեպքերն էին շատ, այժմ հակառակն է։
«Մեր հասարակությունը կարծես նորմալ է ընդունում, երբ տղամարդն է դավաճանում կնոջը, բայց հիմա շատ են այդպիսի կանայք։ Թերապիայում 18 տղամարդ կա, որոնք իրենց կանանց բռնացրել են դավաճանության մեջ։ Եղել է, որ ականատես են եղել կամ զգացել են, բայց չեն կարողացել ապացուցել, հեռախոսազանգերից են տեղեկացել։ Կան, որ ասում են՝ չեմ կարող բաժանվել, իրեն բաց թողնել։ Երբեմն չեն բաժանվում երեխաների պատճառով, որովհետև բաժանությունը երեխայի համար մահվան հավասար է․ դեպք կար, որ երեխան ամեն օր գնում էր իրենց մարզի խաչքարի մոտ, աղոթում, որ մայրն ու հայրը չբաժանվեն, բայց բաժանվեցին։ Մի ուրիշ խնդիր էլ կա՝ բաժանված ընտանիքում մեծացած երեխաների համար հետագա կյանքում բաժանությունը սովորական երևույթ է դառնում»,- նկատում է նա։
Իրինա Ծատուրյանն ասում է՝ նման խնդիրներով հոգեբանի դիմում են բոլոր տարիքային շեմի անձինք, բայց հիմնականում բաժանության որոշում կայացնում են երկար տարիների ամուսնական կյանք ունեցող զույգերը․ երեխաներին ամուսնացնում են ու հեռանում իրարից։
Երբեմն ամուսնալուծությունից հետո գնում են այլ զուգընկերջ մոտ, երբեմն էլ՝ բաժանության չգնալու պատճառը ֆինանսական գործոնն է լինում այն տեսանկյունից, որ կինը կամ տղամարդը առանձին ապրելու միջոց չունեն։
Հոգաբանն այս համատեքստում հիշում է իր պրակտիկայից մի դեպք, երբ կինը իր և ամուսնու համար գնել է 2 սենյականոց բնակարան ու հետագայում պարզել, որ տղամարդը դավաճանում է իրեն։
Բաժանությունից հետո հիմնականում կնոջ համար կյանքը կանգ է առնում, նկատում է մասնագետը։ Կնոջ համար ավելի ծանր են լինում այն դեպքերը, երբ, օրինակ, 40 տարեկան ամուսինը բաժանվելուց հետո ամուսնանում է երիտասարդ՝ 20 տարեկանին մոտ կնոջ հետ։
Նյութի աղբյուր