2023 թվականի մայիսի 5-ին՝ ժամը 18:55-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի նախակրթարանի դաստիարակը երեխային կանգնեցրել է անկյուն, որից հետո «սկոչել» է երեխայի բերանը, որի արդյունքում երեխան ուշագնաց է եղել և հայտնվել հիվանդանոցում: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ստուգողական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 03.05.2023թ. ժամը՝ 11:00-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկի գործող նախակրթարանում նույն նախակրթարանի դաստիարակ Նոնա Ի․-ին դասի ժամանակ անկարգություն կատարելու համար անկյուն է կանգնեցրել նախակրթարանի սաներից մեկին, այնուհետև կպչուն ժապավենով փակել է որպեսզի չխոսի:
Գործը դատարան է ստացվել ապրիլի 1-ին և մակագրվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին։ Նոնա Ի․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ) հատկանիշներով։ Խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: