Վկայակոչելով ռուսաստանյան անանուն աղբյուրներ՝ Բաքվի իշխանական լրատվամիջոցը գրում է, որ նախապատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու։ Մոտավոր ժամկետ է նշվում օգոստոսի 19-ը, իսկ քննարկվող հարցերից մեկը՝ «ռուսաստանյան գազի Ադրբեջան առաքումը»։ Այդ թեման արծարծվում է ամիսներ շարունակ, որոշ աղբյուրների տեղեկություններով՝ «Գազպրոմն» արդեն իսկ տարեկան մոտ երկու միլիարդ խորանարդ մետր գազ է վաճառում Socar-ին։
Ադրբեջանն այդ ծավալներն ուղղում է ներքին կարիքների բավարարմանը, իսկ խնայված գազը գրեթե եռակի թանկ գնով արտահանում է Եվրոպա։ Վերջին ամիսներին, սակայն, ռուս-ադրբեջանական գազային գործարքը գնահատվում է բոլորովին այլ տիրույթում։ Տարեվերջին սպառվում է Ուկրաինայի տարածքով Եվրամիության երկրների ռուսաստանյան գազի տարանցման պայմանագրի ժամկետը։ Այն երկարաձգելու առաջարկը Կիեւը կտրուկ մերժել է։
Ըստ տեղեկությունների, քննարկվում է տարբերակ, երբ Ադրբեջանը Ռուսաստանի տարածքում գազ կգնի և այն որպես «սեփական ապրանք» Ուկրաինայի տարածքով կարտահանի Եվրոպա։ Կիեւի վերջնական դիրքորոշումն այս հարցում պարզորոշ չէ։ Եվրամիությունը դեռևս մեկնաբանություններից ձեռնպահ է մնում։
Կուրսկի մարզում մարտական գործողությունների մասին թելեգրամ ալիքների տեղեկատվական հոսքերում ակնարկներ են արվում, որ Ուկրաինան «փորձում է վերահսկողություն հաստատել գազաբաշխիչ կայանի նկատմամբ»։ Հավանական է, որ խոսքը Ռուսաստան-Եվրոպա գազատարի ենթակառուցվածքներից մեկի մասին է։
Պուտինի Բաքու այցի մասին տեղեկատվությունը Կուրսկում և Բելգորոդում իրավիճակի ֆոնին խիստ արտառոց է։ Հնարավո՞ր է, որ առաջիկա տասը օրում Ռուսաստանին հաջողվի «լիովին ջախջախել և ետ շպրտել» ուկրաինական զորախումբը։ ՌԴ ԱԻՆ-ը Կուրսկի մարզում «ֆեդերալ նշանակության արտակարգ իրավիճակ» է հայտարարել։
Կարելի է, թերեւս, հակառակը ենթադրել։ Ուկրաինայի տարածքով ռուսաստանյան գազը Եվրոպա հասցնելու հավանականությունը չափազանց նվազ է, ուստի Պուտինը փորձում է Ալիեւի հետ համաձայնեցնել Ադրբեջան առաքվող գազի ծավալների մեծացման հարցը։ Բաքվի իշխանական լրատվամիջոցը ակնարկում է, որ «գործարքի երաշխավոր կարող է լինել Թուրքիան»։
Հասկացվում է, որ Ռուսաստանը կարող է Ադրբեջանին տարեկան ութ միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել «ներքին գներով» և աջակցել, որպեսզի Ալիեւը կատարի Եվրամիության հանդեպ պարտավորությունը՝ գազի տարեկան արտահանման ծավալները հասցնելով քսան միլիարդ խորանարդ մետրի, որի երաշխավորը կլինի Թուրքիան, քանի որ TANAP-ը գազի եվրոպական բաշխիչ ցանցերին միանում է թուրք-հունական սահմանին։
Բայց դա խիստ ծախսատար նախագիծ է։ Գործող «Հարավային գազային միջանցքը» կամ Բաքու-Էրզրում գազատարը տարեկան քսան միլիարդ խորանարդ մետր գազ արտահանելու թողունակություն չունի։ Ալիեւը մեկ անգամ չէ, որ Եվրամիությունից դժգոհություն է հայտնել, որ գազատարի թողունակության մեծացման միջոցներ չի հատկացնում։ Հարց է ծագում՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է իր վրա վերցնել այդ ծախսը։
Ֆինանսականից զատ կարող են ծագել նաև քաղաքական խնդիրներ։ Գազատարն անցնում է Վրաստանի տարածքում, և թողունակությունը մեծացնելու համար անհրաժեշտ կլինի նոր ենթակառուցվածքներ ստեղծել, ինչը պահանջում է Վրաստանի համաձայնությունը։ Բացառված չէ, որ Թբիլիսին կարող է օրակարգ բերել նաև տրանզիտային նոր սակագների հարցը։ Կուրսկի ուկրաինական ճեղքումն, այսպիսով, կարող է նաև ադրբեջանական աղեղ ձևավորել։ Իսկ դա Հարավային Կովկասում կարող է արձագանքվել նոր բարդություններով։
Նյութի աղբյուր