ՀԱՊԿ։ Անվտանգային այս կազմակեպության անունը, թերևս, ամենաշատն է հոլովվել, հատկապես վերջին երեք տարիներին, ընդ որում՝ բացասկան երանգավորմամբ։ Բուտաֆորիկ այս կառույցի «նավերն» էին, որ այդպես էլ չկարողացան բարձրանալ «չդելիմիտացված սահմաններով» Հայաստանի լեռները, ընդ որում, վերջին երեք տարում երեք անգամ, երբ ՀԱՊԿ անդամ երկրի սահմանները ենթարկվեցին Ադրբեջանի ներխուժմանն ու ռազմական ագրեսիային (2021-ի մայիսին, 2021-ի նոյեմբերին և 2022-ի սեպտեմբերին)։
Հիմա «նույն ուղտը չոքել է» ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկրի՝ ՌԴ-ի դռանը՝ Կուրսկի շրջանը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը։ Այդ երկրի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոստանտին Զատուլինը «հիմար» է որակել հարցը՝ արդյոք ՌԴ-ն պատրաստվու՞մ է օգնության համար դիմել ՀԱՊԿ գործընկերներին։ «Ո՛չ, չի դիմելու։ Զարմանալի կլիներ, եթե Ռուսաստանը, որը ՀԱՊԿ-ի հիմնական երկիրն է, ինչ-որ մեկից օգնություն խնդրեր սեփական տարածքում։ Ու՞մ եք պատրաստվում ներգրավել Ռուսաստանին Կուրսկի մարզում օգնելու համար, ղազախնե՞րին, թե՞ հայերին։ Ո՞ւմ։
Դուք հիմար հարցեր եք տալիս», -հայտարարել է Զատուլինը: Ռուս բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարությունը մի քանի բան է փաստում, ավելի ճիշտ՝ վերափաստարկում ու կարծրացնում այն համոզմունքը, որն առկա էր անվտանգային այս անպետք կառույցում իր գործունեությունը սառեցրած Հայաստանի թերևս ամենաքիչ քաղաքականացված սուբյեկտի մոտ։ Խոսքն այն մասին է, որ ՀԱՊԿ-ը ՀՀ-ին «քցել է» ՌԴ-ի գիտությամբ ու դրդմամբ և իրականում ՀԱՊԿ-ը չէ, որ «քցել» է, այլ՝ ՌԴ-ն՝ ի դեմս ՀԱՊԿ-ի։ Հետևապես ՌԴ-ն, ինչպես Զատուլինն է ընդգծում՝ «լինելով ՀԱՊԿ հիմնական երկիր», հիմնական պատասխանատվությունն է կրում այս կառույցի՝ ՀՀ-ի հանդեպ ցուցաբերած անպատասխանատվության հարցում, քանի որ լինելով ՀԱՊԿ «դոմինանտ» երկրի իր կարգավիճակը չարաշահելով է «ստոպ» տվել ՀՀ–ին այդ կառուցի կանոնադրությունից բխող աջակցության ցուցաբերմանը (զուտ տեսական առումով)։ Իսկ սա, համաձայնեք, ծանրացուցիչ հանգամանք է «հանցավոր անպատասխանատվություն» ցուցաբերած սուբյեկտի արարքը որակելիս, քանի որ այդ սուբյեկտը ՀԱՊԿ «հիմնական անդամ» լինելուց զատ միաժամանակ ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է։
Ի դեպ, Զատուլինի պնդումը՝ ՌԴ-ի «հիմնական երկիր» լինելու մասին, ցուցանում է այդ կառույցի ներսում առկա իրավա-քաղաքական ամենաթողությունը, այն է՝ «բոլոր կենդանիները հավասար են, սակայն որոշ կենդանիներ էլ ավելի հավասար են, քան մյուսները»։ ՀԱՊԿ-ում, ի գիտություն պարոն Զատուլինի, որը գործում է կոլեկտիվ սկզբունքներով, բոլոր անդամ-պետությունները իրավահավասար են, ռոտացիոն սկզբունքով են ընդունում կազմակերպության նախագահումը, հետևապես, որևէ երկիր չունի «հիմնական»-ի կամ «երկրորդական»-ի կարգավիճակ։ Այլ հարց է, որ այն երկրները, որոնց տարածքային ամբողջականությանն ու իքնիշխանությանը սպառնացող վտանգների չեզոքացումը չի բխում ՌԴ-ի շահերից, այդ երկրները «հիմնական երկրի» կողմից ընկալվում են երկրորդական, եթե չասենք՝ երրորդական՝ դրանից բխող համարժեք արձագանքով։
Ավելի ճիշտ՝ դրա բացակայությամբ։ Ասել է թե՝ եթե 2021-ին և 2022-ին պարոնայք ՀԱՊԿ-ականները՝ Վլադիմիր Պուտինի «հեգեմոնությամբ», ինչպես ասում են՝ «հետույքները կկտրեին աթոռներից» ու կկատարեին իրենց կանոնադրական պարտավորությունները, եթե Հայաստանի տարածքային ամողջականության պաշտպանությունը չհակասեր Պուտին-Ալիև դաշնակցային փոխգործակցության շահերին։ ևս մեկ անգամ հիշեցնենք՝ ՀԱՊԿ կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ երկրներից որևէ մեկի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը և կայունությունը վտանգվում են, անդամներն անմիջապես գործարկում են համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու, առաջացած սպառնալիքը վերացնելու նպատակով, այդ երկրին օգնություն տրամադրելու միջոցներ ձեռնարկում և զարգացնում:
4-րդ հոդվածի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:
Դառնանք Զատուլինի այն հեգնանքին, թե ովքեր պետք է ներգրավվեն ՌԴ-ի տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիային արձագանքելու համար՝ հայե՞րը, ղազախնե՞րը․․․ Այս «թիրախավորումը» (նկատենք ՝ոչ թե անդամ պետությունների պաշտոնական անվանումներն է նշում, այլ շեշտում է այդ պետություններում ապրող ազգությունները՝ այսպիսվ վերաբերմունք արտահայտելով հանդեպ այդ երկրների պետականությունը) իրականում ամենապերճախոս, եթե չասենք՝ աղաղակող վկայությունն է առ այն, որ Զատուլինն ու նրա երկրի ղեկավարությունը նույնպես ՀԱՊԿ-ը չեն դիտարկում որպես լուրջ, կոմպետենտ, իր կանոնադրային պարտականությունները կատարելու ունակ կոլեկտիվ կառույց, անգամ՝ խեղաթյուրված ընկալում ունեն դրա պատասխանատվության գոտու վերաբերյալ (ինչ է նշանակում՝ «օգնություն խնդրել սեփական տարածքում»։ Այդ տարածքը, որը ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության կողմից ռազմական գործողությունների է ենթարկվել, «սեփական» լինելուց զատ, ըստ ՀԱՊԿ կանոնադրության, նաև «կոլեկտիվի տարածքն» է և ենթակա է պաշտպանության), այլապես այդպես անփութորեն չէին հեգնի ու հեղինակազրկի մի կազմակերպություն, որի «հիմնական երկիրն են»։
Կուրսկի նկատմամբ Ուկրաինայի ռազմական գործողություններն, իրականում, «լակմուսի թղթի» էֆեկտ ունեն, որից հետո, թերևս, անդամ պետությունները պետք է բարձրացնեն դրա վերակազմակերպման և որ ավելի ճիշտ է՝ լուծարման անհրաժեշտության հարցը։ Որքան էլ ՌԴ-ն փորձի հիմնավորել, թե ՀԱՊԿ-ին չի դիմում, քանի որ «իր տարածքում» աջակցության կարիք չունի, այսինքն՝ կարող է սեփական ուժերով հոգալ իր պաշտպանությունն, Կուրսկը պետք է ի հայտ բերի հրատապ դիսկուրս հետևյալ կարևոր հարցադրումների շուրջ՝ արդյոք 90-ականների սկզբին գծված անվտանգային գոտին շարունակում է գոտի լինել, թե՞ «հիմնական երկրի» աչքաչափով է այդ գոտին որոշվում, խնդրո առարկա կառույցն անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ ագրեսիան դիտարկու՞մ է որպես անդամ բոլոր երկրների նկատմամբ ագրեսիա, թե ոչ։ Հենց այս հարցադրումների պատասխաններից էլ ածանցվում են մնացած բոլոր գործողությունները։
Հ․Գ․Ի դեպ, ՀՀ ընդդիմությունը 2018-ից այս կողմ «դոլգաիգրայուշչի» սկավառակ է պտտում, թե ՀԱՊԿ-ը հետհեղափոխական շրջանում չշտապեց օգնություն ցուցաբերել ՀՀ-ին, քանի որ ՀՀ իշխանությունները, ուշադրություն՝ հեղինակազրկել էին այդ կառույցը 2018-ին Յուրի Խաչատուրովին ձերբակալելու որոշում կայացնելով ու նրան մարտի 1-ի գործվ մեղադրանք առաջադրելով։ Ռուսաստանցի ամենահայտնի օլիգարխներից մեկին՝ Ալիշեր Ուսմանովին պատկանող «Կոմերսանտ»-ում ընդհուպ հոդված էր տպագրվել, Ռուսաստանին հատկապես վրդովեցրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքը: Սա, Մոսկվայի կարծիքով, լուրջ հարված է ՀԱՊԿ-ի հեղինակությանը: Մոսկվային հատկապես զայրացրել էր Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումը, քանի որ Երևանը չի զգուշացրել Մոսկվային, որ պատրաստվում է մեղադրանք ներկայացնել «Ռուսաստանի համար կարևոր նշանակություն ունեցող ՀԱՊԿ-ի գործող գլխավոր քարտուղարին»: Ավելին, թերթը մեջբերել էր ՀԱՊԿ-ին մոտ կանգնած կառույցներում անանուն աղբյուրների խոսքերն այն մասին, թե «Խաչատուրովի գործի հետևում տարածաշրջանից դուրս երրորդ խաղացողներն են»՝ ակնհայտորեն ակնարկելով Արևմուտքը: ՌԴ նախագահի վարչակազմի իր անանուն աղբյուրին էլ հղում անելով՝ պարբերականը գրել էր․ «Հայաստանյան ներքաղաքական զարգացումները հսկայական վնաս են հասցնում կազմակերպությանը, և տարօրինակ է, որ Երևանում դա չեն հասկանում»։
ՀԱՊԿ-ի կոմպետենտության վերաբերյալ Զատուլինի լակոնիկ դիտարկումից հետո ՀՀ ընդդիմադիր դաշտում տեսնես կշարունակի՞ գտնվել մեկը, որը այսքանից հետո կշարունակի թութակել «Կոմերսանտ»-ի թեզերը, խոսել այդ մեռելածին կառույցի հեղինակությանը ՀՀ-ի կողմից «չերեզ Խաչատուրովի ձերբակալում» հասցված վնասի և այլ անհեթեթությունների մասին։
Նյութի աղբյուր