Նրա «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Նարեկը», մի գիրք է, որը համարել են «դեղ կենաց» և ավելի շատ ոչ թե կարդացել, այլ պաշտամունքի առարկա են դարձրել՝ որպես աղոթագիրք ու բժշկարան:
Եվ չնայած խորհրդային տարիներին այդ ստեղծագործության կրոնական կողմը դիտավորյալ անտեսվել է, և գիրքն ասես հավատազրկվել է՝ ներկայացվելով զուտ որպես գրական ստեղծագործություն, միևնույն է, ժողովուրդը միշտ էլ ակնածանքով է վերաբերվել դրան՝ չդադարելով հավատալ նրա աստվածային զորությանը: Բարեբախտաբար, անկախությունից հետո ստեղծագործությունից հանված շատ գլուխներ վերահրատարակվել են, իսկ գիրքը դարձել է լուրջ ուսումնասիրությունների առարկա:
Այսօր այն արդեն կիրառվում է հոգեթերապիայում և բուժական նպատակներով, իսկ «Նարեկի» նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի է մեծանում ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս: Այս առումով, անկախությունը նաև «Նարեկի» վերածննդի խորհրդանիշն է:
«Նարեկում» կա այդ կատարյալ խոսքը, որը կարող է հրաշքներ գործել: «Նարեկը» նաև համամարդկային ֆենոմեն է. անգամ օտարերկրացին կարող է նրա ազդեցությունն իր վրա զգալ՝ թեկուզև չհասկանալով բառերը, քանի որ խոսքն իր ազդեցությունը թողնում է՝ արմատավորվելով մարդու ենթագիտակցությանբ մեջ:
Աղոթքով բժշկություն, նարեկաբուժություն… Ի՞նչ է սա` հոգեթերա՞պիա, խոստովանությո՞ւն, ինքնամաքրո՞ւմ կամ գուցե հրա՞շք:
Աղոթքով բժշկությունը կիրառվել է քրիստոնեության սկզբնավորումից ի վեր: Հակոբոս առաքյալն աղոթքով բուժման մասին ասում է. «Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն… Հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի: Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք. քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» (Հակ. 5.1316):
Բժշկության աղոթքը հոգեբանական հնարքի կիրառում չէ, այլ առողջության խնդրանք` ուղղված Աստծուն, որով Աստծո շնորհն սկսում է ներգործել և հիվանդին ապաքինում պարգևել:
Եկեղեցական հեղինակներն ասում են, որ հիվանդությունները կարող են լինել մարմնի տարրերի խաթարման, ինչպես նաև հոգևոր պատճառներով: Առաջին տեսակի հիվանդությունը բուժելի է բժիշկների միջոցով, և աղոթքը մեծապես օգնում է առողջության վերականգնման համար:
Իսկ հոգևոր պատճառով առաջացած հիվանդությունը բուժվում է հիմնականում աղոթքի միջոցով: Այսպիսի տկարության մեջ ընկնելն Աստծո կողմից թույլ է տրվում մարդուն ուղղելու, վերստին հավատքի բերելու, կյանքի արժեքի, հավիտենականի մասին խորհելու առիթ տալու և կամ Աստծո փառքի համար, քանզի հրաշքով բուժումը տեսնելով` մարդիկ փառավորում են Աստծուն (Մատթ. 9.68, Մարկ. 2.10-12, Ղուկ. 5.2426):
Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթքներով բժշկության մասին գուցե ավելի շատ բան գիտեին և այդ աղոթքներին ավելի շատ ապավինում էին մեր մեծերը, երբ նախկինում բժշկությունն այդչափ զարգացած չէր, ինչպես մեր օրերում: Ի՞նչ հիվանդություններ է հնարավոր բուժել աղոթքով, նարեկաբուժությամբ, ունե՞նք դեպքեր:
Եկեղեցական հեղինակների աշխատություններում չկա «նարեկաբուժություն» բառը: Այն կիրառելի է դարձել վերջերս հայ հոգեբանների, հոգեթերապևտների կողմից, որով նրանք նկատի ունեն Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» համապատասխան հատվածների ընթերցանության կամ ունկնդրության միջոցով մարդկանց հոգեբանական, հոգեթերապևտիկ օգնություն տրամադրելը:
«Նարեկ» բառն անմիջական առնչություն չունի Սուրբ Գրիգորի ստեղծագործության կամ նրա անձի հետ, այն պարզապես անվանումն է Վանա լճի հարավային ափին գտնվող գյուղի, որտեղ ծնվել է Սուրբ Գրիգոր Նարեկացին: Հետագայում ժողովրդական կիրառմամբ Նարեկացու հայտնի աղոթական ստեղծագործությանը տրվել է նաև կրճատ` «Նարեկ» անվանումը:
Եկեղեցական ծիսակարգում աղոթքով բժշկությունը չի սահմանափակվում միայն Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթքների ընթերցանությամբ: Քահանաների համար նախատեսված ծիսարանում` Մաշտոցում, որը բովանդակում է եկեղեցական խորհուրդների, ծեսերի կատարման կանոնները` համապատասխան աղոթքներով, շարականներով, հատուկ տեղ է գրավում բժշկության նպատակով իրականացվող կարգը, որը ներառում է բժշկության համար ավետարանական ընթերցումներ, աղոթքներ:
Այդ աղոթքների շարքում կարևոր տեղ ունեն Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ից քաղված աղոթքները, որոնք, սակայն, միակը չեն համարվում բուժման համար:
Նախկինում բժշկությունն այսօրվա պես զարգացած չէր, բայց կրկին մեծ դերակատարություն ուներ մարդու առողջության վերականգնման համար: Մարդիկ, ինչպես և այսօր, բուժման համար դիմում էին աղոթքի զորությանը, սակայն Եկեղեցին երբեք չի անտեսել բժշկության կարևորությունը և հավատացյալների կյանքում աղոթքը ապաքինման միակ միջոցը չի համարել: Հիշենք, որ Քրիստոս բժիշկներին վերաբերող առած հիշատակեց (Մատթ. 9.12, Մարկ. 2.17, Ղուկ. 4.23, 5.31), Ղուկաս Ավետարանիչը մասնագիտությամբ բժիշկ էր, Պողոս առաքյալն իր թղթերում հիշում է Ղուկասին` նրան կոչելով «բժիշկը և սիրելին» (Կող. 4.14):
Հոգևորականները ևս համարվում են հոգու բժիշկներ` մարմնավոր բժիշկների հետ համեմատությամբ: Եկեղեցական տոնացույցում ընդգրկված են բժիշկ սրբեր, ովքեր անշահախնդրությամբ, նաև աղոթքի կիրառմամբ բժշկություն են պարգևել մարդկանց:
Քրիստոս Իր զորությամբ մարդկանց մարմնական ամբողջական ապաքինում էր շնորհում:
Այսպիսի զորություն ունեին նաև առաքյալները: Բժշկության նմանօրինակ առանձնահատուկ շնորհն այսօր կարող է տրվել որևէ հոգևորականի` ըստ հավատքի և սուրբ կենցաղավարության աստիճանի: Սակայն հոգևորականի իշխանությամբ կատարված բժշկության աղոթքները նույնպես ներգործում են, և եղել ու լինում են հրաշքով բժշկության դեպքեր:
Նյութի աղբյուր