Կրեմլը հաստատել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ին պետական այցով մեկնում է Բաքու։ Դա տեղի է ունենում մի չափազանց խորհրդանշական իրադարձության ֆոնին՝ օգոստոսի 16-ին Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է 30 քաղբանտարկյալի ներում շնորհելու մասին հրամանագիր։
Նախօրեին ռուսաստանյան մամուլում տեղեկություն է տարածվել, որ Բելառուսի հետ հարաբերությունների լարվածությունը թուլացնելու համար Լեհաստանի արտգործնախարար Սիկորսկին որպես նախապայման առաջարկել է բանտից ազատ արձակել լեհական համայնքի ղեկավար Պոչոբուտին։
Ի պատասխան նախկին այլախոհ Վոսկրեսեինսկին հայտարարել է, որ Սիկորսին «կարող է ավտոմեքենա նստել, հասնել սահման»,։ Ինքն այնտեղ կդիմավորի նրան, միասին կմեկնեն Նովոպոլեցկի գաղութ, կվերցեն Պոչոբուտին եւ «դրանից հետո կտեսնենք, թե Լեհաստանն ինչպես է սահմանային լրացուցիչ անցակետ բացում»։
Ռուսաստանցի փորձագետներն այս հայտարարությունից եզրակացրել են, որ Բելառուսի լեհական համայնքի ղեկավարին «բանտից ազատ արձակելու որոշումն արդեն կայացված է»։ Նրանք առհասարակ տարակուսում են, որ Բելառուսի նախագահը «տուրք է տալիս Արեւմուտքին հաճոյանալու քաղաքականությանը»։
Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչությունը օգոստոսի 15-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ եվրոպական երկրների հասցեին Բաքվի իշխանական մամուլի հրապարակումները որակել է «անհիմն եւ մանիպուլյատիվ»։ Բաքվում անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր ավելի քան երեք տասնյակ լրագրող, քաղաքական եւ հանրային գործիչ է կալանավորվել։
Ֆորմալ առումով նրանք մեղադրվում են «արտարաժույթի մաքսանենգության» մեջ, բայց փաստացի խոսքը եվրոպական երկրներից եւ ԱՄՆ-ից մամուլին ֆինանսական աջակցության «ապօրինության» մասին է։ Այդ մարդիկ ըստ էության բանտում են որպես Ադրբեջանում «արեւմտյան ազդեցության գործակալներ»։
Ադրբեջանցի մի շարք իրավապաշտպաններ դեռեւս բռնության ալիքի մեկնարկին կարծիք են հայտնել, որ «քաղաքական հետապնդումները իրականացվում են Ռուսաստանի իշխանությունների հրահանգով եւ Թուրքիայի մասնակցությամբ»։ Կալանավորված մի քանի անձ ձերբակալվել է Թուրքիայում եւ անմիջապես արտահանձնվել Ադրբեջանին։
Կալանավորվածների զգալի մասը համարում է, որ Արեւմուտքի հետ Ալիեւի վարչախմբի կոշտ դիմակայությունը «թուլացնում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, սահմանափակում արտաքին քաղաքական մանեւրի դաշտը»։
Ռուսաստանի նախագահ Պուտինը, բնականաբար, Բաքվում մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված խնդիրների չի անդրադառնալու։ Ռուսաստանում թելեգրամ-ալիքում «բանակը վարկաբեկող» գրառման համար քաղաքացուն դատապարտում են 8-12 տարվա ազատազրկման։
Բայց ինչու՞ Ալեքսանդր Լուկաշենկոն երեսուն քաղբանտարկյալի ներում շնորհելու հրամանագիր հատկապես այն օրն է ստորագրել, երբ հայտնի է դարձել, որ Պուտինը Բաքու պետական այց է կատարում։ Նա Իլհամ Ալիեւին ազդակ է հղել, թե՞ Ալեքսանդր Գրիգորեւիչը կորցրել է Վլադիմիր Վլադիմիրովիչի սրտագին բարեկամի կարգավիճակը, եւ Իլհամ Հեյդարովիչն է արդեն այդ տեղն զբաղեցնում։
Նյութի աղբյուր