Ադրբեջանը Պուտինին դիմավորում է սպառնալով Իրանի՞ն

Ադրբեջանում անցկացվել են ՀՕՊ մարտավարական հատուկ վարժանքներ, որոնց ընթացքում մարտական պատրաստության են բերվել ռուսական արտադրության C 300 հակաօդային պաշտպանության համակարգերը, փորձարկվել է ռազմավարական օբյեկտների պաշտպանություն ու հակառակորդի արձակած հրթիռների խոցում: Բաքվի հակաօդային պաշտպանության այդ վարժանքը նախորդում է ՌԴ նախագահ Պուտինի պետական այցին, եւ հաջորդում է Իրանում տեղի ունեցած ռազմածովային զորավարժությանը, որ օրերս եղել է Կասպից ծոցում՝ Ադրբեջանին սահմանակից ջրերում:

Իրանի այդ ռազմածովային զորավարժության ընթացքում փորձարկվել են նավատորմի պաշտպանական կարողությունները, ինչպես նաեւ թիրախներ խոցելու հնարավորությունները: Ինչպես արդեն իսկ այդ առիթով ուշադրություն է հրավիրել, Ադրբեջանին սահմանակից նավատորմի զորավարժության անցկացումը հատկանշական է մի տեղեկության ֆոնին, որ տարածել էր բրիտանական հեղինակավոր Տելեգրաֆ պարբերականը:

Պարբերականը հայտնել էր, որ Իրանի նորընտիր նախագահ Փեզեշկիանը ՀԱՄԱՍ—ի առաջնորդի Թեհրանում կատարված սպանության պատասխանի տարբերակի հարցում կողմնակից է ոչ թե Իսրայելին հարվածելուն, այլ ռեգիոնի այլ երկրներում իսրայելական հենակետերի, այդ թվում եւ Ադրբեջանում: Բաքուն իր մամուլի միջոցով ակնկալիք էր հայտնում, որ Թեհրանը կհերքի այդ տեղեկությունը, սակայն Թեհրանից ոչ միայն չի եղել հերքում, այլ եղավ Կասպիցում՝ Ադրբեջանի սահմանակից հատվածում իրանական նավատորմի զորավարժություն:

Թեհրանը դրանով թերեւս ցույց տվեց, որ առնվազն դիտարկում է բրիտանական պարբերականի ներկայացրած տարբերակը: Ահա այդ ֆոնին է ուշագրավ, որ Ադրբեջանն էլ օրեր անց իրականացնում է հակաօդային պաշտպանության զորավարժություն, գործի դնելով ռուսական C 300-ները:

Ընդ որում ուշադրության է արժանի այն, որ դա տեղի է ունենում ՌԴ նախագահ Պուտինի Բաքու այցի նախօրեին: Ադրբեջանը դրանից ոգեւորվա՞ծ է ՀՕՊ «ճոճում» Իրանի դեմ, թե՞ ակնկալում է, որ Պուտինը կարող է Բաքվի դեմ «ճոճել» Կասպիցում Իրանի զորավարժությունը, ըստ այդմ փորձում է Պուտինի այցից առաջ ցույց տալ, որ հեշտ տեղի տվողը չէ:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *