Արևմտյան Նեղոսի տենդ․ Ինչպե՞ս է տարածվում և ինչպես պաշտպանվել

Արևմտյան Նեղոսի տենդը սուր վիրուսային ծագման հիվանդություն է, որը փոխանցվում է Culex ցեղի մոծակների միջոցով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը: «Վարակումը ամենից հաճախ տեղի է ունենում թռչունների շրջանում, սակայն մարդիկ և որոշ կաթնասուն կենդանիներ նույնպես կարող են վարակվել: Մարդկանց մոտ վարակի ախտահարման դեպքերի 80%-ն անցնում է առանց ախտանիշների։

Դեպքերի մեծ մասը գրանցվում է հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, որը համընկնում է մոծակների ակտիվացման շրջանի հետ: Տարածված է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում, բայց տուրիզմի զարգացման հետ, հայտնաբերվում է նաև այլ երկրներում: Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի առաջին դեպքն արձանագրվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում՝ անհայտ ծագման մենինգիտ ախտորոշմամբ պացիենտի մոտ։

Հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։ Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է: Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ՝ -դող, ջերմության բարձրացում՝ 38-40°С, -գլխացավ, -տարածուն մկանացավեր, հոդացավեր, -փսխում, -փորլուծություն, -մարմնի ցանավորում։

Վարակվածների 1%-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել՝ -սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր, -ջերմության բարձրացում՝ 40 0C և ավելի, -անզուսպ փսխումներ, -լուսավախություն, -ջղաձգումներ, ցնցումներ, -գիտակցության խանգարման տարբեր աստիճաններ։

Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են՝ -տարեցները, -սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք, -ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք, -շաքարային դիաբետ ունեցող անձինք, -քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։ Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Источник: https://ipress.am/hy/page/%D5%A1%D6%80%D6%87%D5%B4%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A5%D5%B2%D5%B8%D5%BD%D5%AB-%D5%BF%D5%A5%D5%B6%D5%A4-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%A7-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D6%87-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%BA%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *