Օգոստոսի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի եւ ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում Պուտինը Փաշինյանին է ներկայացրել Բաքվում Ալիեւի հետ ունեցած բանակցության արդյունքը: Ըստ հաղորդագրության, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դրա համար:
Կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել եւ քննարկել հայ-ռուսական երկկողմ օրակարգի վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել՝ «շնորհակալություն, այո՞», թե՞ «շնորհակալություն, ոչ» տրամաբանության մեջ: Այդ հարցադրումն իհարկե այն դեպքի համար է, եթե Պուտինը իրազեկելով Ալիեւի հետ իր բանակցության մասին, Նիկոլ Փաշինյանին արել է որեւէ առաջարկ: Որովհետեւ բոլորովին զարմանալ պետք չէ, եթե որեւէ խոսք եղած չլինի Երեւանին արվող առաջարկի մասին:
Թեեւ առերեւույթ հայ-ադրբեջանական թեմատիկան եղել է Պուտինի Բաքու այցի օրակարգում, հնչել է հայտարարությունների ընթացքում, այդուհանդերձ, Պուտինի այցելության օրակարգային ծանրությունը եղել են թերեւս բոլորովին այլ հարցեր, որոնք, եթե «համառոտագրենք», վերաբերել են թերեւս Ռուսաստանի եւ այսպես ասած Գլոբալ հարավի փոխհարաբերությանը:
Այստեղ իհարկե հայ-ադրբեջանական հակամարտությունն ու դրա կարգավորումը ունեն իրենց դերն ու նշանակությունը, սակայն առվնազն այս փուլում թերեւս դա ամենեւին չի ենթադրում աներկբա որեւէ առաջարկ: Ըստ այդմ, բացառված չէ, որ Փաշինյանն իրազեկվել է, բայց ոչ թե որեւէ առաջարկի այո, կամ ոչ ասելու, այլ թերեւս իր հետագա անելիքն իմանալու տրամաբանությամբ:
Հասկանալի է, որ Պուտինը Ալիեւի հետ իր խոսակցությունն ամբողջությամբ չէ, որ կներկայացներ Փաշինյանին: Հարցը տվյալ դեպքում այն, թե Հայաստանին ուղիղ կամ անուղղակի՝ սակայն էապես առնչվող հարցերի առումով որքան ամբողջական է եղել նրա փոխանցած տեղեկատվությունը:
Նյութի աղբյուր