Վոլգոգրադում քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակ է այն բանից հետո, երբ մի քանի ծայրահեղ իսլամիստներ, որոնք ըստ տեղեկության պատկանում են Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորմանը, պատանդառել են քրեակատարողական հիմնարկի մի քանի աշխատակցի: Ըստ տարածված տեղեկության, նրանց շրջանում արդեն կան սպանվածներ ու ծանր վիրավորներ: Հաղորդվում է, որ պատանդառության գործողությունը իրականացվել է կարգապահական հանձնաժողովի նիստի ժամանակ:
Ըստ էության, խոսքը թերեւս Ռուսաստանում ծայրահեղ իսլամիստների ձեռքով հերթական ահաբեկության մասին է: Ընդ որում, ռուսական տելեգրամյան ալիքները հիշատակում են, որ մոտ երկու-երեք ամիս առաջ համանման ակտ էր տեղի ունեցոոլ Ռոստովի մարզի քրեակատարողական հիմնարկում: Այստեղ սակայն ուշադրության է արժանի ոչ միայն այդ հանգամանքը, այլեւ այն, որ Վոլգոգրադում ահաբեկությունը տեղի է ունենում ՌԴ նախագահ Պուտինի՝ հյուսիսկովկասյան երեք հանրապետություն այցից հետո՝ Չեչնիա, Հյուսիսային Օսիա եւ Կաբարդինո-Բալկարիա:
Ինչպես հայտնի է, Հյուսիսային Կովկասում են բավականին գերակշռում ծայրահեղ իսլամական տրամադրությունները: Իհարկե այդ առումով մշտապես աչքի է ընկնում Դաղստանը, սակայն հյուսիսկովկասյան մյուս դաշնային սուբյեկտներում էլ «բջիջները» քիչ չեն:
Ընդ որում, բոլորովին բացառված չէ, որ Պուտինի այցի նպատակներից մեկը հենց իրավիճակի վերահսկողության հարցում որոշակի հավաստիացումներն էին: Սակայն, փաստացի ստացվում է, որ հյուսիսկովկասյան սուբյեկտներ Պուտինի այցից մի քանի օր անց՝ իսկ այցը եղել էր Բաքվից վերադարձի ճանապարհին, Վոլգոգրադում է տեղի ունենում ահաբեկություն:
Դրա մասշտաբն անշուշտ մեծ չէ, սակայն տվյալ պարագայում հարցը լոկ մասշտաբը չէ, այլ իրավիճակի վերահսկելիությունն ընդհանրապես: Մեծ հաշվով, չնայած ըստ էության սահմանափակ մասշտաբին, այդուհանդերձ այդօրինակ ահաբեկչական ակտերը մեղմ ասած կասկածի տակ են դնում Ռուսաստանի՝ իր ներսում եւ իր շուրջ իրավիճակի այսպես ասած մարտավարական կառավարելիության կարողությունը:
Ի դեպ, իհարկե վոլգոգրադյան իրադարձությունների հետ առերեւույթ որեւէ կապ չունեցող, սակայն բավականին ուշագրավ ֆոնային հանգամանք է այն, որ նախօրեին՝ Պուտինի Բաքու այցից երկու օր անց, Իլհամ Ալիեւը հրամանագիր էր ստորագրել իր անվտանգության ծառայության աշխատակիցներին պարգեւատրելու մասին՝ ծառայության ընթացքում աչքի ընկնելու համար:
Նյութի աղբյուր