Օգոստոսի 23-ին Իրանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Աբաս Արաղչին մի շարք գործընկերների հետ հեռախոսազրույց է ունեցել: Եթե համարենք, որ դա նրա դիվանագիտական առաքելության մեկնարկն է, ապա աչքի է զարնում, որ Արաղչին քննարկումներ է ունեցել Գերմանիայի արտգործնախարար Բերբոկի և անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով Եվրամիության գլխավոր հանձնակատար Բորելի հետ, ինչպես նաև միջնորդավորված ուղերձ հղել Միացյալ Նահանգներին:
Իրանի արտգործնախարարի առաջին վիզավիների շարքում Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցները չեն ընդգրկվել: Դա, իհարկե, չի նշանակում, թե Արաղչին Լավրովի և Բայրամովի հետ մոտ օրերս շփում չի ունենա կամ առաջին հեռախոսազրուցի հետաձգումը հենց նրա նախաձեռնությունն է: Հնարավոր է՝ Իրանի «ռեֆորմիստ» արտգործնախարարի հետ քննարկումների ցանկություն Մոսկվան և Բաքուն չեն ունեցել:
Սկզբունքները դրանից տեղեկատվական ֆոնն ավելի են խտանում, եթե նկատի ունենանք, որ Արաղչին պաշտոնն ստանձնել է Ռուսաստանի նախագահի Բաքու այցից երեք օր հետո և նույն օրը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով գտնվել է Տաշքենդում, իսկ Ղազախստանի նախագահ Տոկաեւը՝ Դուշանբեում:
Ղազախստանի նախագահը Տաջիկստանի մայրաքաղաքում էր, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն նրան հիշեցրեց, որ ոչ թե Ֆրանսիան կամ ԱՄՆ-ը, այլ՝ ՀԱՊԿ-ն է «ինքնաթիռներ ուղարկել Աստանա և խաղաղացրել իրավիճակը»: Լուկաշենկոն նույն հարցազրույցում ասել է «մեզնից բացի ու՞մ են պետք հայերը»: Ի տարբերություն Երեւանի, Աստանայի արձագանքը կոշտ էր. Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան ասվել է, որ Ղազախստանը կոնֆլիկտի կողմ չէ և բոլորի հետ հարաբերություններ է զարգացնում նույն սկզբունքներով:
Այս համատեքստում, երևի, պետք է ուշադրության արժանացնել փաստը, որ Իրանի արտգործնախարար Արաղչին օգոստոսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ: Բովանդակային առումով, եթե բավարարվենք պաշտոնական հաղորդագրություններով, Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույցը նորություն չունի: Էականը փաստն է՝ դիվանագիտական շփումների կայուն հաջորդայնությունը:
Բայց, հավանաբար, կարևոր է նաև այն, որ դրան հաջորդել է Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարների հեռախոսազրույցը, որի ընթացքում «նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման ընթացիկ հարցերը, ինչպես նաև բազմակողմ կառույցներում փոխգործակցությունը», — հաղորդում է tengrinews.kz-ն՝ հղելով Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական կայքին, և ավելացնում. «Կողմերը դիտարկել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցերը»:
«Հարավային Կովկասի, և ոչ միայն նրա, կայունությունը և անվտանգությունը պայմանավորված է ռուս-ադրբեջանական հարաբերություններով,» — Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է Իլհամ Ալիևը: Ի՞նչ է նա նկատի ունեցել «և ոչ միայն Հարավային Կովկասի կայունություն և անվտանգություն» ասելով: Ղազախստանի նախագահը նախաձեռնել է Կենտրոնական Ասիայի՝ «որպես մեկ-միասնական, անբաժանելի անվտանգության տարածքի» ինտեգրման ծրագիր: Ալիևի Տաշքենդ պետական այցն, ըստ երևույթին, Կենտրոնական Ասիայի ներքին ինտեգրացիային այլընտրանք ստեղծելու նպատակ ունի:
Հավանական է, որ Կենտրոնական Ասիայի արաբլոկային ինտեգրումը համապատասխանում է նաև Իրանի աշխարհաքաղաքական շահերին: Ավելորդ է ասել, թե այդ ծրագիրը որքան կարևոր է Հայաստանի համար: Այս իմաստով չափազանց ուշագրավ է «բազմակողմ կառույցներում հայ-ղազախական փոխգործակցության» դիտարկումը, եթե անգամ խոսքը միայն ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի մասին է: Հայաստանի արտգործնախարարը ղազախ պաշտոնակցին իր և Աբաս Արաղչիի հեռախոսազրույցից «ուղերձ» փոխանցե՞լ է:
Նյութի աղբյուր