Գարիկ Ս․-ն մեղադրվում է Հռիփսիմե Ս․-ին առևանգելու համար։
Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։
Գարիկ Ս․-ն, նախապես տեղեկացված լինելով Հռիփսիմե Ս․-ի անչափահաս՝ 17 տարեկան լինելու մասին, որոշել է ամունության նպատակով առևանգել նրան։ Նախապես համաձայնության գալով համագյուղացի ընկերներ՝ Գոռ Հ․-ի և Արսեն Ե․-ի հետ, 2024 թվականի հունիսի 4-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, վերջինիս վարած ավտոմեքենայով եկել են Արմավիր քաղաք, տեսել են Հռիփսիմե Ս․-ին, նրա հորեղբոր աղջկան՝ Անահիտ Ս․-ին և ընկերուհի՝ Դիանա Փ․-ին, հետապնդել են վերջիններիս՝ մինչև Արմավիր քաղաքի փողոցներից մեկը։
Այնտեղ Գարիկ Ս․-ն հետևի կողմից գրկել է Հռիփսիմե Ս․-ին և նրա կամքին հակառակ տեղափոխել ավտոմեքենայի կողմը, իսկ Գոռ Հ․-ն բացել է ավտոմեքենայի վարորդի հետևի նստատեղի դուռը և Գարիկ Հ․-ն հակառակ աղջկա դիմադրություններին, նրան նստեցրել է ավտոմեքենայի հետևի նստատեղին ու նստել նրա կողքին։
Դրանից հետո աղջկա կամքն անտեսելով, Արսեն Ե․-ն վարելով ավտոմեքենան, նրան տեղափոխել են Դիլիջան։ Այնտեղ վարձակալել տուն, որտեղ մնացել են շուրջ 2 ժամ, որի ընթացքում փորձել են Հռիփսիմե Ս․-ին համոզել մնան այնտեղ, բայց վերջինս չի համաձայնել և հորդորել է իրեն հետ տանել։
Այնուհետև նշված երիտասարդները դրսում հեռախոսազրույց են ունեցել, որից հետո աղջկան տեղափոխել են Աշտարակ, որտեղ նրան դիմավորել է մորեղբայրը, վերադարձրել է տուն:
Գործը դատարան է ստացվել հուլիսի 4-ին և մակագրվել դատավոր Կարինե Դավթյանին։
Գարիկ Ս․-ի, Գոռ Հ․-ի և Արսեն Ե․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և գրավը։
Կիրառվել է համաձայնեցման վարույթ։
Դատարանը վճռել է Գարիկ Ս․-ին, Արսեն Ե․-ին և Գոռ Հ․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ և նրանց նկատմամբ նշանակել ազատազրկում պատժատեսակը՝ պատժաչափը սահմանելով 4 տարի ժամկետով, և այն պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով՝ մեղադրյալների վրա դնելով պարտականություն՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության ՀՀ տարածքը չլքել և բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իրենց նոր բնակության վայրի հասցեն հայտնել:
Դատական ակտը հրապարակվել է սեպտեմբերի 26-ին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութի աղբյուր