ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ Պետդումայի վերին պալատի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բուլավինի հետ: Հանդիպմանը, ըստ տարածած հաղորդագրության, մասնակցել են նաև Կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Բոնդարևը և Կոմիտեի անդամ Կրիմ Կազանոկովը։ «Փոխըմբռնման և կառուցողական աշխատանքի պատրաստակամության մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվեցին անվտանգային ոլորտում միջխորհրդարանական փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ ընդգծելով նշյալ ոլորտում միջխորհրդարանական երկխոսության շարունակականության պահպանման կարևորությունը», -հայտնում է Հայաստանի դեսպանությունը:
Սա նորանշանակ դեսպանի նախաձեռնողականության և դիվանագիտական ակտիվ աշխատանքի արձանագրմա՞ն հանդիպում է, թե՞ անվտանգության ոլորտում հայ-ռուսական՝ բավականին երկար ժամանակ, ըստ էության, ընդհատված շփումների սահուն կամ «զգուշավոր» վերականգնման գործընթացի մեկնարկ: Նախօրեին Հայաստանի ԱԳ նախարարը, խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին, նշել էր, որ հայ-ռուսական հարաբերության հարցում տարակարծությունները, որ կան ՀԱՊԿ առնչությամբ, պահպանվում են, իսկ այլ ուղղություններով հարաբերությունը բնականոն ընթանում է:
Այլ կերպ ասած, Միրզոյանի հայտարարությունը, ըստ էության, այն մասին էր,որ հայ-ռուսական հարաբերության «ստատուս քվոյի» առումով ամեն ինչ նույնն է: Սակայն, պետք է համաձայնել, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունն իր տողատակով նկատելիորեն տարբերվում է «նույն ֆոնից»՝ առաջացնելով հարց, թե արդյո՞ք Երևանը մտադիր է որոշակիորեն վերականգնել անվտանգության բնագավառում Ռուսաստանի հետ հաղորդակցության դինամիկան, որ գտնվում էր զգալիորեն սառը մակարդակում:
Նիկոլ Փաշինյանը ստացե՞լ է այն հարցերի պատասխանը, կամ որոշակի բավարարող պատասխան, որոնց մասին խոսել էր իր վերջին ասուլիսի ընթացքում՝ նշելով, թե Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, քանի որ տվել է հարցեր և սպասում է դրանց պատասխաններին: Նոյեմբերի վերջին Աստանայում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը:
Հայաստանի վարչապետը կմասնակցի՞ դրան: Թե՞ Երևանն անվտանգության հարցերի առնչությամբ Ռուսաստանի հետ խոսակցությունը մտադիր է ակտիվացնել միայն երկկողմ մակարդակում, իսկ ՀԱՊԿ տիրույթում «ստատուս քվոն» կշարունակի մնալ սառեցված, ընդ որում՝ փոխադարձ ընդունելիությամբ:
Նյութի աղբյուր