Հունիսի 13-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, որ նախօերին, ժամը 10:05-ից 17:50-ը Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները «հրաձգային զենքից» մի քանի անգամ գնդակոծել են Նախիջեւանի ինքնավար հանրապետության Շարուրի շրջանի Խավուշ, Օրդուբադի շրջանի Նուրգյութ և Շահբուզի շրջանի Գյունեյ Ղշլաղ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքեր։ Ադրբեջանի կողմը դիմել է պատասխան քայլերի։
Նախ, աչքի է զարնում հանգամանքը, որ «սահմանային միջադեպի» մասին Բաքուն հայտարարում է մեկօրյա ուշացումով: Երկրորդ, հունիսի 12-ին Նախիջեւանում անցկացվել են հերթական «մարտավարական զորավարժություններ»: Բայց դրանք աննախադեպ են նրանով, որ միաժամանակ համաձայնեցված զորավարժություններ են անցկացվել նաեւ Իրանում: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ համատեղ զորավարժությունները տեղաշրջանում կոմունիկացիաները դիվերսիոն հարձակումների դեպքում «կոորդինացված պաշտպանության կազմակերպման» նպատակ են հետապնդում:
Փաստացի խոսքը Ադրբեջան-Իրան՝ այսպես կոչված «Արաքսի միջանցքի» ենթակառուցվածքները դիվերսիոն հարձակումներից համատեղ պաշտպանության կազմակերպման մասին է, ինչը, սակայն, ադրբեջանցի փորձագետներից մեկի գնահատմամբ՝ «կարող է ունենալ ավելի լայն համատեքստ»: Այս առումով խիստ ուշագրավ է, որ մինչ այդ ադրբեջանական կողմը հայտնել էր Շահբուզի շրջանի Գյուննուտ բնակավայրի ուղղությամբ մեկ զինծառայողի անհետանալու մասին: Երկու օր անց նրա դիակը հայտնաբերվել է, բայց մինչ այդ, հղում անելով հայկական մի շարք լրատվամիջոցների՝ Բաքվի «Թուրան» գործակալությունը գրել է «Արենի գյուղի տարածք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման եւ հայկական անվտանգության ուժերի կողմից նրանց ձերբակալելու» մասին:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը հունիսի 12-ը հայտարարել էր «վճռական շրջադարձի օր»: Երեւանում երեկ, իրոք, չափազանց լարված էր: Այնքան, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ինքն «այո, վախենում է»: Հայաստանի վարչապետի այդ միտքն ալիեւյան քարոզչության գլխավոր խոսափողն անվանել է «սենսացիոն»: Նախորդ օրն ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն Բագրատ Գալստանյանի շարժումը բնութագրել է «ռադիկալացող»:
Փողոցային պայքարի ռադիկալացման մեծ հավանականության մասին դեռեւս անցյալ շաբաթ կանխատեսումներ արել են մի շարք հայ քաղաքագետներ եւ վերլուծաբաններ: Ծայրահեղ ռադիկալացել է նաեւ սոցիալական մեդիայի արցախյան սեգմենտի խոսույթը, որ փաստացի Նիկոլ Փաշինյանի դեմոնացման քարոզչություն է: Ընդ որում, դա արդեն արվում է ոչ միայն Արցախի «փափկասուն տիկնանց գնդի» միջոցով, այլեւ՝ հանրային-քաղաքական եւ իրավապաշտպան դեմքերի մակարդակով:
Երեւանում ի՞նչ կարող էր տեղի ունենալ երեկ ուշ երեկոյան կամ գիշերվա ընթացքում: Նախիջեւանի ուղղությամբ հայկական կողմից «հրադադարի խախտման» մասին Բաքվի ռազմական գերատեսչության այսօր ժամը 11:31-ին մամուլում հայտնված հաղորդագրությունը քիչ է ասել, թե իրականությանը չի համապատասխանում: Հայաստանի պաշտպանության նախարարությունն, իհարկե, իրավասու չէ քաղաքական գնահատական տալ: Նպատակահարմար չէ, երեւի, որ նման հայտարարությամբ հանդես գա ԱԳՆ-ն:
Բայց դա չի նշանակում, թե քաղաքական, փորձագիտական եւ վերլուծաբանական հանրությունը չպետք է եզրակացնի, որ «սահմանային լարվածության» մասին Բաքվի քարոզչությունը հասցեագրված է փողոցային շարժման առաջնորդին, նրան տրվող քարոզչական բոնուս չէ: Մեկ ամսվա ընթացքում հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ ինտենսիվ աշխատելու եւ ստորագրման նախապատրաստելու մասին արտգործնախարար Արարատ Միրզոյանի առաջարկությունը Ջեյհուն Բայրամովը հաջորդ օրը մերժել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բերբոկի հետ հանդիպմանը՝ հայտարարելով, որ Հայաստանի սահմանադրությունը «խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտ է»:
Նախիջեւան «կրակոցներն» այդ մերժումը «հիմնավորելու» միջոց են: Բայց Ալիեւը փորձում է այս անգամ եւս գործընթացը տապալել հայկական ձեռքով: Նույնիսկ եթե դա հոգեւորականի «օրհնյալ աջ» է: Ավելի ճիշտ, շատ նպատակահարմար է, որ հենց այդ աջը ձախողի խաղաղության գործընթացը: Հայերիս համար դա ավելի «հերոսական» կընկալվի: Որովհետեւ քաղաքական ընդդիմության անգամ այդ ռեսուրսներն են սպառված:
Նյութի աղբյուր