Ճապոնիայում տարածվում է այսպես կոչված «մսակեր բակտերիայից» առաջացած հիվանդությունը, որը կարող է մարդուն սպանել 48 ժամվա ընթացքում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ խոսքը սովորական A խմբի ստրեպտոկոկի մասին է՝ բետա-հեմոլիտիկ գրամ դրական բակտերիա, որը փոխանցվում է օդակաթիլային եղանակով և շփման միջոցով: Ամենից հաճախ վարակը սկսվում է կոկորդից:
«Մարդիկ բավականին հաճախ վարակվում են ստրեպտոկոկերով, ներառյալ ստրեպտոկոկ A-ն, որը կոչվում է «միս ուտող բակտերիա»: Սակայն վարակվածներից ոչ բոլորն են ստանում ստրեպտոկոկային տոքսիկ շոկի համախտանիշ»,- գրում է հրատարակությունը։
Նշվում է, որ տոքսիկ շոկի համախտանիշը մարմնի ատիպիկ ռեակցիան է։ Այն սկսվում է վերջույթների՝ առավել հաճախ ոտքերի ցավով և այտուցով։ Ջերմության և արյան ցածր ճնշման ֆոնին վերջույթների նեկրոզը (բջիջների, հյուսվածքների մահ) արագ զարգանում է։
«Մահերի զգալի մասը տեղի է ունենում 48 ժամվա ընթացքում։ Առավոտյան հիվանդը կարող է նկատել ոտնաթաթի այտուցը, իսկ մինչև ճաշի ժամը այտուցը կարող է տարածվել դեպի ծունկ, և մարդը կարող է մահանալ 48 ժամվա ընթացքում», — նշում է Տոկիոյի բժշկական համալսարանի վարակիչ հիվանդությունների պրոֆեսոր Քեն Կիկուչին:
Նրա խոսքով, վարակի ներկայիս տեմպերով Ճապոնիայում այս տարի շոկի համախտանիշի դեպքերի թիվը կարող է հասնել 2500-ի՝ 30 % մահացության սարսափելի ցուցանիշով։ Միևնույն ժամանակ, պրոֆեսորը մարդկանց կոչ է անում խուճապի չմատնվել և պահպանել «տարրական հիգիենա»։
Աղբյուր` Փաստինֆո