Թեհրանում կայացած՝ Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Քանիի եւ հայ-ադրբբեջանական կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի հանդիպման ֆոնին տեղի է ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույց: Զուգահեռ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այցելել Սյունիք, որի ընթացքում առաջին անգամ արել է բավականին ուշագրավ արտահայտություն, որ հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման գործընթացում կարող է պահանջվել հանրաքվե՝ տարածքների փոխանակման տրամաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանը պայմանական բերել է «100 մետր տարածք մեր կողմից, 100 մետր տարածք իրենց կողմից» օրինակը, սակայն պետք է ենթադրել, որ խոսքը ամենեւին 100 մետր տարածքի մասին չէ, հակառակ պարագայում հազիվ թե այդպիսի ըստ էության աննշան տարածությունների փոխանակումը հնարավոր չլիներ իրականացնել այսպես ասած «քարտեզային» մեխանիզմներով: Փաշինյանը ըստ ամենայնի բարձրաձայնում է ավելի նշանակալի հարցի մասին, բայց պարզ չէ, թե ինչին է դա վերաբերելու:
Արդյո՞ք հատկանշական է, որ նա բարձրաձայնում է այդ մասին հենց Սյունիք կատարած այցի ընթացքում, թե՞ դա էական չէ: Ինչպես արդեն նկատել եմ, այն, որ ՌԴ արտգործնախարարի՝ հայ-ադրբեջանական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Խովաեւը մեկնել է Թեհրան ու հանդիպել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ, հուշում է, որ այցի «սեղանին» եղել է բավականին կոնկրետ խոսակցություն:
Թե որքանով է անմիջականորեն կապակցված դրա հետ Ֆիդան-Բայրամով հեռախոսազրույցը, դարձյալ դժվար է ասել միարժեք, սակայն «խաչաձեւը» այդ կոնտակտների ֆոնին էլ ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի այցը «խաչմերուկ», որտեղ նա ի դեպ խոսել է նաեւ «խաղաղության խաչմերուկի» աշխատանքի մասին, ասելով, թե այդ դեպքում շատ մեծ է լինելու միջազգային երթեւեկը Հայաստանի տարածքով:
Ի դեպ, Իրանի արտգործնախարարի տեղակալը Խովաեւի հետ հանդիպմանն ասել է, որ ռեգիոնալ հարցերը պետք է լուծել առանց արտառեգիոնալ խաղացողների եւ Ռուսաստանի, Իրանի ու այլ կառավարությունների միջեւ ավելի մեծ համակարգվածությամբ: Իրանն ակնարկում է, որ ինչ որ բան իր հետ համաձայնեցված չէ, ինչ որ բան քննարկվել է «ոչ բավարար համակարգվածությամբ»: «Խաչմերուկի» աշխատանքը Հայաստանին խոստանում է «մեծ հոսք», բայց Իրանին թերեւս խոստանում է Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ էական լծակի կորուստ:
Նյութի աղբյուր