Հայաստանն ու Ադրբեջանը առավել քան երբեւէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ադրբեջանական լրատվամիջոցներին ասում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Ի՞նչ գիտե Տոյվո Կլաարը այդ մասին, ո՞րն է նրա տեղեկատվության աղբյուրը՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը: Թվում է, թե սա երկրորդական հարց է, բայց գործնականում սա առանցքային հարց է, հատկապես այն հայտարարության ֆոնին, որ օրինակ օրեր առաջ արել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ թե Բաքուն ծրագրում է նոր ագրեսիա նոյեմբերին Ադրբբեջանում կայանալիք Cop29-ից հետո: Երեւանն այդպես էր արձագանքել Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ հայտարարել էր, թե Ֆրանսիան, որն, ի դեպ, Եվրամիության առաջատար պետություն է, Հայաստանին մատակարարելով սպառազինություն խոչընդոտում է խաղաղության գործընթացին: Մի կողմ թողնենք այն, որ Ադրբեջանի այդ դիրքորոշումը վերից վար նենգափոխում է եւ մանիպուլյացիա: Հետաքրքիր է, թե դրա վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի Տոյվո Կլաարը, երբ ակնառու է, որ Բաքուն բոլորովին չունի խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն, եթե իհարկե այդ պայմանագիրը ամբողջապես չի արտացոլում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի քաղաքական բոլոր մտադրությունների արտացոլումը: Տոյվո Կլաարը ի՞նչ դիրքորոշում ունի Ալիեւի այն հայտարարությունների առնչությամբ, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխելը Ադրբեջանի համար խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է:
Երբ այս հստակ իրողությունների հանդեպ չկան դիրքորոշումներ, ապա՝ «կողմերըտ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը առավել քան երբեւէ» արտահայտությունը վերածվում է բավականին լղոզված մի ձեւակերպման, որը նաեւ լղոզում է կողմերի, տվյալ դեպքում պայմանագրի կնքման գործընթացին ուժի եւ շանտաժի դիրքից մոտեցող Ադրբեջանի պատասխանատվության լղոզմանը:
Իսկ դա իր հերթին, ուղղակի, թե անուղղակի վերածվում է Հայաստանի հանդեպ մթնոլորտային ճնշման, որովհետեւ խաղաղության հավասարակշռված պայմանագրի ըստ էության միակ գործնական շահառուն Հայաստանն է, եւ, երբ անհարկի կամ վերացական սպասումով ձեւավորվում է իրականում պատասխանատվություն լղոզող միջավայր, ապա դա առաջին եւ միակը հարվածում է հավասարակշռված խաղաղության միակ իրական շահառուին:
Հասկանում է այդ ամեննը Տոյվո Կլաարը, թե՞ ոչ, պարզ չէ, բայց, եթե չի հասկանում, ապա գոնե պետք է հասկանա այդօրինակ լղոզված հայտարարությունների ապակառուցողականությունն ու լռի, իսկ, եթե անում է դա հասկանալով, ապա դա պարզապես նշանակում է, որ Կլաարը ուղղակի աշխատում է հավասարակշռված եւ պատասխանատու խաղաղության հեռանկարի դեմ:
Նյութի աղբյուր