Բատկան մինչեւ երրորդ աքլորականչ կդավաճանի՞

Եվրամիությունը Բելառուսի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ է սահմանվել, որ արգելում են ԵՄ տարածք բելառուսական տասնյակ ապրանքատեսակների, այդ թվում՝ չմշակված նավթի, ներկրումը: Սահմանափակումներ կկիռարվեն բեռնափոծադրումներ իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ, արգելվում է Բելառուսի տարածքով կրկնակի նշանակության ապրանքատեսակների երրորդ երկրներ արտահանումը: Ավելի վաղ Եվրամիությունը նվազագույնի է հասցրել բելառուսական գյուղմթերքների ներկրման քվոտաները:

Պատժամիջոցներն, անշուշտ, քաղաքական են: Լուկաշենկոն, որ տարիներ շարունակ կարողանում էր խուսանավել Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ եւ երկուսից էլ քաղաքական ու տնտեսական դիվիդենտներ կորզել, երկրի տարածքում Ռուսաստանի տակտիկական միջուկային սպառազինություն տեղադրելուց, համատեղ զորավարժություններով այն կիրառելու տեխնիկական պարամետրերը ճշտելուց եւ ԶՈՒ-ը մարտական թիվ մեկ պատրաստության ռեժիմի բերելուց հետո Եվրամիության աչքում վստահությունը լիովին կորցրել է:

Այդ է վկայում Բելառուսի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը «այն, ըստ որի ուկրաինական կողմը սահմանին հատուկ նշանակության զորախումբ է տեղաբաշխել, ակտիվացրել ԱԹՍ-երի հետախուզական թռիչքները եւ Ժիտոմիրի մարզում տեղաբաշխել ՀՕՊ համակարգեր։» Սա նույն ոճն է, ինչ Լուկաշենկոյի «կաթնեղբայր» Ալիեւը կիրառում է Հայաստանի դեմ, պարբերաբար սահմանային միջադեպերի մասին կեղծ լուրեր տարածելով։ Ուկրաինայում, հատկապես Խարկովի ուղղությամբ, ռուսական հարձակումը ռազմավարական իմաստով կասեցվել է։

Երկու շաբաթ հետո ՆԱՏՕ-ն Վաշինգտոնում գագաթաժողով է գումարում: Ակնկալվում է, որ դաշինքի քսան անդամ երկիր Ուկրաինայի հետ անվտանգության երկկորղմ պայմանագիր կստորագրի: Բելառուսի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, հավանաբար, վկայում է, որ Մոսկվայից պատերազմին մասնակցելու, Ուկրաինայի դեմ հյուսիսից երկրորդ ճակատ բացելու ցուցում է ստացվել:

Բելառուսն, իհարկե, ավտորիտար երկիր է, բայց Ադրբեջան չէ։ Հազարավոր բելառուսներ ուկրաինական կողմից Ռուսաստանի դեմ կռվում են, նախագահի թեկնածու Տիխանովսկայան արեւմտյան մի շարք երկրների կողմից ճանաչված է «ընտրված նախագահ»։ Տնտեսական պատժամիջոցները հարվածելու էին միջին-վիճակագրական քաղաքացուն, ինչպես նաեւ՝ գործարար էլիտայի շահերին։

Ալեքսանդր Լուկաշենկոնը փորձառու քաղաքական գործիչ է եւ չի կարող չհաշվարկել, որ Ուկրաինայի դեմ ռազմական որեւէ գործողություն իրեն նույնպես կանգնեցնելու է Միջազգային քրեական դատարանի առաջ։ Տրամաբանական է թվում, որ նա ամեն կերպ ուկրաինական պատերազմին ներքաշվելուց խուսափելու, խուսանավելու է, հանդես է գալու “սլավոնական եղբայրությունը վերականգնելու” պոպուլիստական կոչերով, փորձելու է դրսեւորվել որպես Մոսկվայի եւ Կիեւի միջեւ “անկողմնակալ հաշտարար”։

Կարելի է ենթադրել, որ Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին նա չի հրապարակի «Եվրասիական անվտանգության խարտիան»։ Աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է, եւ անգամ Կիրգիզիայի նախագահ Ժապարովն է Բելգիայում այլընտրանք փնտրում։ Խնդիրն այն է, թե ի՞նչ իրավիճակում է Լուկաշենկոն Պուտինին դավաճանելու՝ «երրորդ աքլորականչին»,՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո անմիջապես, թե՞ պաուզա է պահելու,՝ մինչեւ Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները կավարտվեն։ Եւ ի՞նչ հակաքայլ ունի Ռուսաստանը։ Պուտինը հայտարարելու է, որ բելառուսական պետություն չի՞ եղել, բոլշեւիկնե՞րն են կազմավորել։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *