«Ռուսաստանը Ադրբեջանի հետ ստորագրված բազմաթիվ միջպետական պայմանագրերով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Քանիցս սոցիալական ցանցերում տեղադրել եմ այդ պայմանագրերն ու դրանց համապատասխան հոդվածները։ Թղթի վրա դա անելուց զատ առկա են Ռուսաստանի ղեկավարության՝ Պուտինի, Լավրովի բազում բանավոր, տեսագրված ու վավերագրված հայտարարությունները»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով.
«Բայց, Պրահյան քառակողմ հանդիպման ու պայմանավորվածությունների վերաբերյալ Կրեմլի բարձրացրած հիսթերիան ցույց տվեց, որ որքան էլ իրենք Արցախը վաղուց, և նաև 44-օրյա պատերազմից հետո ճանաչել են Ադրբեջանի կազմում, այսինքն՝ դրանով իսկ ճանաչել են Ադրբեջան-Հայաստան սահմանը, սակայն Կրեմլը չի ցանկանում, որ Հայաստանը հստակություն մտցնի Ադրբեջանի հետ իր սահմանի հարցում՝ այսինքն սահմանազատում ու սահմանագծում իրականացվի ու այդ սահմանը պաշտպանվի՝ ՀՀ ԶՈՒ կողմից թե/և ԵՄ դիտորդների մոնիթորինգով։
Ուշադրություն դարձրեք, որ խոսքը զուտ Հայաստան-Ադրբեջան սահմանը ճանաչելու մասին չէ․ Հայաստանը դեռևս 1991-92թ․-ից է միջազգային կառույցներում հայտարարել, որ Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, այսինքն՝ Արցախի հարցը տարածքային պահանջ չէ Ադրբեջանից, ըստ այդմ՝ ճանաչում է Հայաստան-Ադրբեջան խորհրդային սահմանը, իսկ Արցախի հարցը բոլոր երեք նախագահների ու նաև այս իշխանության օրոք հանրահռչակվել է որպես ինքնորոշման, բայց ոչ տարածքային հարց․․․ Կրեմլում սա անգիր գիտեն։
Այսքան մանրամասնեցրեցի, քանի որ այն, ինչին դիմադրում է Մոսկվան, դա սահմանագծումն է, ասել է թե՝ սահմանային «վեճերի» թեմայի փակումը։ Այսինքն, Մոսկվան դեմ է, որ 90-ականներից Տավուշում կամ այլուր, իսկ 2021թ․-ից հետո Գեղարքունիքից մինչև Սյունիք վերացվեն «տարածքային վեճերը»։ Իսկ, ուզենք, թե չուզենք, երկուստեք հաստատված սահմանագծումով դրանք վերանում են․․․
Եվ, ահա, «սրբազան» շարժումն էլ նույն օրակարգն ունի, ինչ Կրեմլը՝ կանգնեցնել սահմանազատումը։ Շարժման տխրահռչակ առաջնորդի հայտարարությունը Սյունիքում դրա մասին է։ Ըստ որում՝ Տավուշում նրա համար դեռ մի փոքր պղտոր ջրում ձուկ բռնելու տեղ կար՝ այնտեղ 2,5 գյուղ «վերադարձվում» էր Ադրբեջանին։ Ու սահմանասյուների տեղը «չիմացող» ու փշալարերը «չտեսած» սառեցված եկեղեցականը դեռ կարող էր խաղի դաշտ գտնել այնտեղ․․․ Սյունիքում նրա դրսևորումն ուղղակի մատնում է հակապետական օրակարգը․․․
Այժմ, նա տուռնեով մեկնել է Սյունիք ու այնտեղ է հայտարարում, որ ժողովուրդը պետք է կանգնեցնի Հայաստանի սահմանի գծելը։ Այն Սյունիքում, որտեղ թշնամին բազում վայրերում՝ Իշխանասարում, Ներքին Հանդում ու այլուր բառացիորեն օկուպացրել է Հայաստանի տարածքները, ու սահմանազատման դեպքում ստիպված է լինելու դրանք վերադարձնել Հայաստանին։
Օրերս մենք խմբով Ներքին Հանդում էինք․․․ Գետի ափին թիկնած այդ հեռավոր գյուղի ուղիղ գլխավերևում թուրքի առաջ եկած մահաբեր դիրքերն են։ Ըստ որում՝ նրանք առաջ են եկել 2022թ․ սեպտեմբերի 13-ին՝ զբաղեցնելով հենց հայկական դիրքերը։ Տեղում՝ Ներքին Հանդի գյուղացիների հետ հավաքում Հովսեփ Խուրշուդյանը չափեց «օկուպացիայի խորությունը»՝ ավելի քան 2 կիլոմետրը։ Գյուղի ավագները պնդում էին, որ 1988թ․ քարտեզներով նրանք այդքան էլ պետք է ետ քաշվեն․․․ Ու Ներքին Հանդում, չզարմանաք, ողջամիտ մարդիկ սպասում էին սահմանազատմանը՝ դրանից ակնկալելով, որ թուրքերը ետ կքաշվեն, իսկ 2 կիլոմետր ետ շպրտվելու դեպքում գյուղը կազատվի գերությունից․․․
Հիմա Բագրատ Գալստանյանը գնացել է Սյունիք, ու մարդկանց հորդորում է «կանգնեցնել սահմանագծումը»․․․ Տեղից այդպես էլ պարզ չէ, թե իշխանության որդեգրած սահմանազատման մեթոդաբանության դեպքում Տավուշից սկսածը շարունակություն կունենա՞, թե՞ ոչ։ Բագրատ Գալստանյանը մեր/իմ և այլոց նման իշխանությանը չի քննադատում, թե ինչու նա այնպիսի մեթոդաբանություն չի որդեգրել, որը կերաշխավորի գործընթացի շարունակականություն այնպես, որ Տավուշի մնացյալ հատվածներից, Սոթքից, Սև լճերից, Իշխանասարից, Ներքին Հանդից սահմանախախտ ելուզակը հեռանա․․․
Նա իրեն ավելի «ռադիկալ է» դիրքավորել՝ Հայաստանին սահման պետք չէ։ Նա հայտարարում է, թե Հայաստանի սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը, չգիտակցելով, որ Սոթքում, Կութում, Իշխանասարում, Նախիջևանի հետ սահմանային այլ հատվածներում, Սև լճերում, Ներքին հանդում հայ զինվորը սխալ տեղ է կանգնած՝ պետք է ավելի առաջ կանգնած լինի, ու այդ սկզբունքի դեպքում թուրք զինվորն էլ պետք է մնա այնտեղ, որտեղ կանգնած է։ Իսկ դրա համար ազերի ելուզակը պետք է ետ շպրտվի, ու ցանկալի է քաղաքական մեթոդներով, ոչ թե պատերազմով՝ կյանքեր վտանգելով ու խլելով․․․
Մինչդեռ նա գնացել է Սյունիք, որ մարդկանց մոբիլիզացնի, որ սահմանագծման դեմը առնեն՝ կանգնեցվի։ Ոչ թե իրականացվի ճիշտ մեթոդաբանությամբ կամ այլ՝ ավելի լավ քարտեզով, այլ Հայաստանը սահման չհստակեցնի Ադրբեջանի հետ․․․
Կրկնենք, պատճառն այն չէ, որ կա Արցախի բաց վերք ու խնդիր, որի շահարկմամբ անհեռատես մի քանի հազար արցախահայ են հրապարակներում հավաքում՝ թե իբր եթե Ադրբեջանի հետ սահմանը չհստակեցվի, նրանք Արցախ կվերադառնան․․․
Այս շարժման տիկնիկավարներն անգիր գիտեն, որ նախկինում էլ Հայաստանը Ադրբեջանի դեմ տարածքային պահանջ չի դրել, ու Արցախը հայկական է մնացել, որովհետև այնտեղ կար ապրող բնիկ հայություն, որը միջազգայնորեն ուներ ինքնորշման իրավունք։ Իսկ նույն տիկնիկավարները 2023թ․ սեպտեմբերի 19-23-ը ալիևի հետ ձեռք ձեռքի տված վերացրեցին ինքնորոշման աղբյուրը՝ ժողովրդին հայրենազրկեցին․․․ Կրկին Մոսկվայի համագործակցությամբ՝ մի կողմից Բաքվի հետ, մյուս կողմից՝ Ստեփանակերտում իշխանության բերված խարդախախմբի հետ․․․․ Իսկ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը երբեք ոչ իրենց, ոչ իրենց հաջորդներին չի խանգարել Արցախյան հիմնախնդրով բանակցություններ վարել․․․ Արցախի հարցով միջազգայնացված բանակցություններ ընթացել են ոչ թե այն հիմքով, որ Հայաստանը Ադրբեջանից տարածք է պահանջում, այլ որ այնտեղ 160․000 հայ կա ապրող․․․
Այժմ Շարժման անհանգստությունը նույնն է, ինչ Կրեմլինը՝ հանկարծ սահմանային տարածքային վեճերը չվերացվեն, որոնք այնտեղ եթե ոչ հիմա, ապա ապագայում խաղաղապահներ տեղակայելու հիմք են, կոնֆլիկտը թեժացնելու հող են․․․ Թքած, որ հենց նույն Սյունիքում սահմանագծման շարունակման դեպքում շահում է Հայաստանը, Սյունիքը, քանի որ մենք Ադրբեջանից օկուպացրած տարածքներ չունենք, իսկ իրենք ունեն․․․․ Նույն Սյունիքում։
Եվ վերջապես, այս հակապետական օրակարգով շարժման ամենավտանգավոր «լավությունը» Սյունիքին։ Եթե Սյունիքում էլ երկու կողմից՝ Նախիջևանի ու Ադրբեջանի կողմից տեղադրվեն սահմանասյուներն ու փշալարը, որոնց նկարագրության տակ կստորագրի Ադրբեջանը, ինչպես Տավուշում, դրանք հետագայում խախտելով հատելը անշառ զբաղմունք չի լինելու խախտողի համար․․․ Ալիևը դա անգիր գիտի, ու մեծ շնորհակալություն պետք է ասի այս շարժմանը, որ «անհստակությունը» պահելու կողմնակից է ու դեմ է, որ սահմանասյուներն ու փշալարերը դրվեն․․․
Այս տողերը գրում եմ սարսափով, որ հնարավոր է այսքան աղետից հետո գեներացնել մի շարժում, որը այսքան Հայոց պետականության դեմ է։ Ու դա «օրհնված լինի» հենց իրենց ասած իսկապես չարի կողմից․․․
Գետինն ափսոս, իսկ հողն էլ սուրբ է ու անգին արյամբ սրբացած, որ վերջում ասեմ՝ գետինը մտեք կամ մի բուռ հող կերեք․․․
Սյունիքում ու այլուր պետք է ուղղակի բոյկոտեն այս շարժումը, ինչպես արեցին Տավուշում։ Նրանք ոչ մի այլընտրանք չեն առաջարկում, բացի աղետ բերելը»։
Նյութի աղբյուր