Ազգային ժողովի առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովում քննարկվել և ընդունվել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Ըստ դրա՝ որոշում է կայացվել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով մինչև 12 շաբաթական հղիությունը դեղորայքներով ընդհատելու ժամկետը կարող է փոփոխվել, այսինքն՝ նախատեսել, որ դեղորայքային արհեստական ընդհատում հնարավոր կլինի կատարել 8 շաբաթական հղիության դեպքում։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտակ Մելիքսեթյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ որոշումը կարող է պայմանավորված լինել սեռով ընդհատումները կանխելու համար:
«Ամեն դեպքում ոչ աստվածահաճո արարք է, մեղք է թե՛ մայրիկի համար, թե՛ բժշկի։ Ես որևէ դեպքում այդ քայլին չեմ գնում, բայց օրենքը, այո, թույլ է տալիս։ Իհարկե, բացառություն են առողջական խնդիրների դեպքում անհրաժեշտ ընդհատումները։ 12 շաբաթականում երևում է սեռը՝ տղա՞ է, թե՞ աղջիկ, իսկ ավելի ցածրի դեպքում դժվար է որոշել։ Թեև հիմա սեռով պայմանավորված ընդհատումները նվազել են, բայց սա կօգնի կանխարգելել նման դեպքերը։ Դեղորայքային ընդհատումը համեմատած գործիքայինի քիչ ռիսկային է, պետք է գրագետ անել այդ գործընթացը»,- ասում է նա:
Բժիշկը նաև մանրամասնում է, թե գործող օրենքով մինչև 12 շաբաթական հղիությունը դեղորայքներով ընդհատելու գործընթացն ինչպես է իրականացվում․ «Կինը դիմում է ԲԿ, նախ բժիշկը նրան բացատրում է, թե ընդհատումն ինչ ռիսկեր կարող է առաջացնել, խոսում է հետը, փորձում որոշումից հետ պահել, հետո կինը դիմում է գրում, որի վրա հստակ նշված է անգամ, որ ընդհատումը ընդհուպ մինչև մահվան ելքի կարող է հանգեցնել: Բժիշկը նույնպես դիմումի մեջ նշում է, որ ամեն ինչ բացատրել է կնոջը։ Հետո տրվում է երեք օր, եթե մինչ այդ նորից չի վերադառնում բժշկական կենտրոն, ընդհատումը դրանից հետո չի իրականանում»։
Հղիության նման ընդհատումը վճարովի է։ Մելիքսեթյանի խոսքով՝ այս քայլին դիմում են 18 տարեկանից բարձր կանայք, տարվա մեջ ընդամենը մեկ-երկու դեպք է լինում, երբ ծնողների համաձայնությամբ այդ քայլին է գնում 16 տարեկան կամ ցածր դեռահասը։ 45 տարեկանների դեպքում նման ընդհատումները պետությունը սահմանել է անվճար։ Լինում են դեպքեր, երբ երեք օրվա ժամկետից հետո կինն իր կամքով հրաժարվում է գնալ պտղի ընդհատմանը։
Բժշկին ասում է՝ եթե կինն արդեն ներկայանում է ԲԿ՝ պտղից ազատվելու համար, ապա նա հոգեբանական փուլը փոքր-ինչ հաղթահարած է լինում, սակայն, միևնույն է, մայր դառնալու բերկրանքին արժանացած կնոջ համար ամենածանր որոշումն է։ Ըստ նրա՝ եթե ժամկետի փոփոխության դեպքում կինը գնա տան պայմաններում ընդհատումների, ապա հետևանքներն անդառնալի կլինեն։
«Ռիսկերը կարող են տարբեր լինել․ անպտղություն, բորբոքային խնդիրներ, արյունահոսություն, վիրահատական միջամտության անհրաժեշտություն կարող է առաջանալ։ Եթե ամեն դեպքում որոշում է գնալ դեղորայքային ընդհատման, լինում է մեր հսկողության ներքո, հետո սնոգրաֆիկ հետազոտությամբ հաստատում ենք՝ ընդհատումը եղե՞լ է։ Բոլոր դեպքերում տանը ինքնուրույն այդ քայլն իրականացնելն ահռելի ռիսկեր է պարունակում։ Այդ դեպքում ողջ եղելությունը լինում է կնոջ պատասխանատվության ներքո»,- ասում է նա։
Մելիքսեթյանն ընդգծում է՝ մահվան դեպքեր բժշկական կենտրոնում չեն գրանցվել, իսկ ծանր դեպքեր հանդիպել են․ «Իրենք իրենց կամքով են գալիս, պարտադրանք չկա։ Դա կարող է լինել բացառիկ դեպքերում, օրինակ, երբ հղիացել են ամուսնացած տղամարդուց։ Ամեն դեպքում այնպիսի քայլ է, որի իրականացումը կախված է կնոջ գրագիտությունից»։
Միևնույն ժամանակ բժիշկը կարծում է, որ ժամկետների փոփոխությունը որևէ նշանակություն չի ունենա, գուցե լավագույն տարբերակն այն է, որ Հայաստանում առանց որևէ լուրջ խնդրի հղիության ընդհատումներն ընդհանրապես արգելվեն։
Մերի Խաչատրյան
Նյութի աղբյուր