Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեծ մասը համաձայնեցված է, և այն ստորագրելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք։ Այս մասին Jam-news-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ով այս պաշտոնում ավարտում է իր առաքելությունը։
Նրա կարծիքով, կողմերի միջև վերջնական համաձայնության հասնելը գտնվում է «մատչելի հեռավորության վրա»։ Խաղաղության պայմանագիրը և դրա կետերի իրականացումը լիովին կփոխեն իրավիճակը տարածաշրջանում, կարծում է եվրոպացի դիվանագետը։
Քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերի հարցը կդառնա կարգավորման գործընթացի մաս, և Բաքվի հետ ուղիղ բանակցություններ կլինեն նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։
Այս համատեքստում նա ընդգծել է, որ Ադրբեջանն ունի պարտավորություններ, որոնցից Բաքուն չի հրաժարվում։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Կլաարը, այս համատեքստում Բաքուն բարձրաձայնում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին, սակայն, եվրոպացի դիվանագետի կարծիքով, այդ թեմաները չեն կարող դիտարկվել նույն հարթության վրա։
«Առաջին խնդիրը՝ ապահովել ղարաբաղցի հայերի վերադարձն իրենց նախնիների հայրենիք, ինչն Ադրբեջանի պարտավորությունն է։ Երկրորդը Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում՝ Բաքվում բնակված հայերի եւ Հայաստանում բնակված ադրբեջանցիների հարցն է»,- ասել է հատուկ ներկայացուցիչը։
Բաքու և նախկին Ադր․ԽՍՀ այլ քաղաքներ հայերի վերադարձի հարցն առաջին անգամ է բարձրաձայնվում միջազգային նման բարձր մակարդակով։ Անգամ Հայաստանի իշխանությունները հրապարակայնորեն չեն հռչակում Ադրբեջանական ԽՍՀ-ը ցեղասպանության պատճառով լքած հայերի հայրենիք վերադառնալու իրավունքը։ Բոլորը հասկանում են, որ խնդիրը միայն այն չէ, որ Բաքուն ճանաչի այդ իրավունքը, այլ նաև վերադարձի միջազգային երաշխիքները։
Ինչ վերաբերում է «ղարաբաղցի հայերի` իրենց նախնիների հայրենիք վերադարձի» հարցին, ապա այս հարցի ընդգրկումը բանակցությունների օրակարգում անխուսափելիորեն պետք է հանգեցնի հիմնարար հարցերի` կարգավիճակի և անվտանգության միջազգային երաշխիքների քննարկմանը: Բաքուն ամեն կերպ խուսափում է այս հարցից՝ օգտվելով այդ հարցերն օրակարգ մտցնելուց Երևանի հրաժարվելուց։
Հայտնի չէ՝ արդյոք հայկական կողմը նման պահանջներ է ներկայացնում։ Բայց «հեռացող» Քլաարի հայտարարությունը ցույց է տալիս, որ այս հարցերն ավելի լայն միջազգային օրակարգի առարկա են:
Նյութի աղբյուր