Արցախ վերադարձի դռները բացվում են. 3 սցենար

Արցախ վերադարձի թեման բաց է։ Այն ոչ միայն արցախցիների հավաքական ցանկությունն է, այլև միջազգային հետաքրքրության խնդիր։ Օգոստոսի 5-ին jam-news.net-ին տված հարցազրույցում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն է անդրադարձել խնդրին, ակնկալելով, որ Բաքվի և արցախահայերի միջև ուղիղ բանակցություններ տեղի կունենան իրենց հայրենի շրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։ Խնդրին չեն արձագանքել ՀՀ իշխանությունները, չնայած՝ ենթադրելի էր, որ քաղաքական շահառուն իրենք են։

Խնդրին, սակայն, անմիջապես արձագանքել է Բաքուն, նշելով, որ ծագումով հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղ, եթե հարգելու են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Սա նշանակում է, որ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանն այս հարցի ուղղությամբ ակտիվություն չի ցուցաբերում, արցախցիների վերադարձի հարցն հարաբերությունների կարգավորման օրակարգում է։ Եվ վաղ, թե ուշ լուծում է ստանալու։ Ինչպես՞ է հնարավոր արցախցիների վերադարձը, և ե՞րբ այն տեղի կունենա։

Արցախցիների վերադարձի վերաբերյալ հանրության շրջանում քննարկվում է 3 սցենար։ Առաջինը՝ ԵՄ-ի աջակցությամբ և երաշխավորությամբ արցախցիների վերադարձն է, ինչի մասին ակնարկում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ ԵՄ-ի և արցախցիների շահերն այսօր համընկնում են։ Ինչքան ՀՀ-ում իրապես մեծանա ԵՄ-ի քաղաքական ազդեցությունն, այնքան թեման կգա առաջին պլան։ ԵՄ-ն նաև մարդու իրավունքների պաշտպանության ջատագով է հանդես գալիս։ Այս առումով՝ արցախցիների վերադարձը սկբունքային, արժեքային խնդիր է։ Կլաարն ակնարկում է նաև, որ արցախցիների վերադարձի հարցը խաղաղության պայմանագրի ստրագրումից հետո հայ-ադրբեջանական օրակարգի առաջին հարցն է դառնալու։

Եվ եթե խաղաղության պայմանգիրը ստորագրվի ԵՄ միջնորդությամբ ու երաշխավորությամբ, ապա միջնորդ երաշխավորին իրավունք կտա առաջ մղել նաև արցախցիների վերադարձի թեման։ Այստեղ հնարավոր է համարվում, որ ԵՄ-ն կփորձի արցախցիների համար հատուկ կարգավիճակ սահմանել միջազգային ատյաններով ու որոշումներով, որոնք իրավունք կտան արցախցիներին ապրել Արցախում, չդառնալով Ադրբեջանի քաղաքացի ու չենթարկվելով Ադրբեջանի օրենքներին։ Դրանից հետո ենթադրվում է, որ ԵՄ-ն խաղաղապահ առաքելությամբ արցախցիներին կարող է ուղեկցել Արցախ և տեղում երաշխավորել վերջիններիս իրավունքներն ու անվտանգությունը, փաստացի ապահովելով արցախցիների ինքնավարությունը։ Այս սցենարն ամենահավանականն է իրադարձությունների զարգացման ներկայիս համատեքստում։

Երկրորդ սցենարը ռազմական ճանապարհն է։ Սակայն այս սցենարը տասնամյակների նախապատրաստություն է ենթադրում։ Դրանից զատ, այս սցենարը հնարավոր է աշխարհաքաղաքական փոփոխություններին կամ համաշխարհային պատերազմներին զուգահեռ։ Ռազմական սցենարի պարագայում արցախցիները գերակա իրավունք են ստանալու իրենց կարգավիճակը որոշելու հարցում։ Չնայած՝ ՔՊ-ական իշխանությունները բանակի արդիականցման և սպառազինման որոշակի քայլեր անում են, սակայն դրանք ուղղված են միայն պաշտպանական խնդիրների։ Քանի դեռ ՀՀ-ն դե յուրե մնում է ռուսական ռազմաքաղաքական դաշինքների ուղեծրում, աշխարհում ոչ ոք չի պաշտպանի ՀՀ-ին Արցախն ազատագրելու պատերազմում։ Հետևաբար՝ այս սցենարը ամենաքիչ հավանականն է սուբյեկտիվ և օբյեկտիվ բազմաթիվ պատճառնելով։

Երրորդ սցենարի գլխավոր դերակատարները արցախցիներն են իրենց ղեկավարներով հանդերձ։ Եթե առաջին երկուսում արցախցիները երկրորդ պլանի դեր ունեին, ապա այս դեպքում նրանք են հանդես գալու նախաձեռնություններով։ Այս մասին է ակնարկում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ակնկալելով, որ Բաքուն և արցախցիները ուղիղ բանակցություններով արցախցիիների վերադարձի խնդրի լուծումը կգտնեն։ Կլաարն ուղղակի հուշում է, որ արցախցիները կարող են կազմակերպվել և մշակել բանակցային օրակարգ։ Այն կարող են ներկայացնել առաջին հերթին՝ ԵՄ-ին, ինչպես նաև ներքին և արտաքին այն ուժերին, որոնք արցախցիների վերադարձի խնդիրն օրակարգային են համարում։ Արցախցիները կարող են ձևավորել նաև ներկայացուցիչներ և բանագնացներ, որոնք ըստ հարկի կվարեն բանակցությունները և ժամանակի ընթացքում կհասնեն արդյունքի։ Այս սցենարի ամենադժվար փուլը Արցախի ներկայացուցիչների ժողովրդավարական սկզբունքներով ընտրությունն է։ Ընտրյալները լիազորված կլինեն հանդես գալ համայն արցախցիների անունից։ Եվ նրանց լեգիտիմությունը ոչ ոք կասկածի տակ պիտի չդնի։ Չի բացառվում, որ այդ ներկայացուցիչը լինի Բագրատ Սրբազանը, որին հաջողվել է սկզբունքայնություն դրսևորել և հույսեր ներշնչել բազմաթիվ արցախցիների։

Պարզ ասած՝ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի այս տարեվերջին, ապա արցախցիների վերադարձի խնդիրը 2025-ի հայկական օրակարգի առաջին հարցերից մեկն է լինելու։ Եվ եթե ՀՀ իշխանություններն ու քաղաքական համայնքը կարողանան ճիշտ դիրքավորվել այս հարցում, ապա արցախցիների վերադարձը կարող է իրականանալ գալիք տարի։

Թաթուլ Մկրտչյան

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *