ՌԴ Կուրսկի մարզի նահանգապետի խորհրդական Ալյոխինը իր տելեգրամյան ալիքում գրել է, որ մարզում ստեղծված իրավիճակի եւ հայտարարված հակաահաբեչական օպերացիայի համակարգումը կիրականացնի ՌԴ նախագահ Պուտինի խորհրդական Ալեքսեյ Դյումինը: Ըստ Ալյոխինի, ուժային բլոկի եւ մնացյալ բոլոր գերատեսչությունների գործողությունները կլինեն նրա համակարգման ներքո: Նա հիշեցրել է, որ Դյումինը ծնունդով Կուրսկի մարզից է եւ նրա համար նաեւ պատվի հարց է ծննդավայրը պաշտպանելը: Իհարկե այստեղ պատվի հարցից զատ, կան բավականին ուշագրավ հարցեր, որոնք առնչվում են ռազմա-քաղաքականությանը: Ալեքսեյ Դյումինը Պուտինի օգնականն է:
Այդ պաշտոնին նշանակվել է 2024 թվականի մայիսին՝ Պուտինի վերընտրությունից հետո: Այդ ժամանակ հայտարարվեց, որ նոր պաշտոնում Դյումինը համակարգելու է ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ սպորտը: Մինչ նախագահի օգնական նշանակվելը, Դյումինը եղել է Տուլայի նահանգապետ:
Առավել հետաքրքրականն այն է, որ մինչ այդ Դյումինը եղել է ՌԴ նախագահի անվտանգության ծառայությունում, որից հետո նա եղել է Ռուսաստանի գլխավոր ռազմական հետախուզության պետի տեղակալ, եւ ըստ ռուսական ԶԼՄ-ների առանցքային դեր է ունեցել Ղրիմի օպերացիայում: 2017 թվականին արդեն Տուլայի նահանգապետ Դյումինը դիտվում էր ՌԴ նախագահ Պուտինի հնարավոր ժառանգորդներից մեկը:
Անկասկած է, որ Դյումինը ՌԴ իշխանական վերնախավում, Պուտինի մերձջավոր շրջապատում առանցքային դեմքերից մեկն է, հետեւաբար Կուրսկում ուկրաինական ճեղքումից հետո ստեղծված իրավիճակում հակաահաբեկչական գործողությունը համակարգողի կարգավիճակը ստանում է ուշագրավ երանգավորում:
Հաշվի առնելով իրավիճակի տեղեկատվական աղմուկի ուժգնությունը, եթե Դյումինը կարողանում է ապահովել համեմատաբար շոշափելի դինամիկայով դրական արդյունք, ապա մեծ հավանականությամբ, համեմատաբար երիտասարդ սերնդի գործիչ Դյումինը այդպիսով մեծ քայլ կանի ՌԴ վերնախավում դիրքերի ամրապնդման հարցում, եւ հնարավոր է նաեւ հենց «ժառանգորդի» կարգավիճակի հարցում:
Տվյալ պարագայում հարցն այն չէ, որ վաղը կամ մյուս օրն է պետք լինելու այդ «ժառանգը»: Ինքնին «ժառանգորդը» դա քաղաքական կարգավիճակ է, ներիշխանական կարգավիճակ, որը արդեն իսկ ենթադրում է ուժերի նոր հարաբերակցություն: Այդպիսով, առնվազն նկատելի է, որ իրավիճակը Կուրսկում կարող է բերել ՌԴ ներիշխանական համակարգում ուժերի նոր հարաբերակցության, եթե իհարկե Դյումինին հաջողվի ցույց տալ արդյունք: Մյուս կողմմից, անարդյունավետությունն էլ կբերի ուժերի հարաբերակցության փոփոխության, պարզապես այլ տրամաբանությամբ: Փաստացի, ՌԴ նախագահը ռազմա-քաղաքական «առաջնագիծ» է դուրս բերում իր «ժառանգորդին», կամ համենայն դեպս իր համար ամենավստահելի մարդկանցից մեկին: Դա ծայրահե՞ղ քայլ է, թե՞ «պլանային»: Սա հարց է:
Նյութի աղբյուր