Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն բնակավայրի մոտ ավտոմեքենա է այրվում ։
Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, Աղավնատուն բնակավայրի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գյուղի սկզբնամասում կառուցված կամարի սյանը և բռնկվել։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն ու ավտոմեքենայում հայտնաբերել են 2 մոխրացած դի։ Տեղում ոստիկաներնն ու պարեկները պարզել են, որ մահացածները նույն գյուղի բնակիչներ 34-ամյա Գևորգ Սարգսյանն ու 34-ամյա Մարտին Գրիգորյան են։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է Գ․ Սարգսյանը։