Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին

Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, թե Բաքուն դիմել է Երեւանին, որպեսզի համատեղ խնդրանքով դիմեն ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար: Ըստ Ալիեւի, եթե Երեւանի չընդունի այդ առաջարկը, ապա կնշանակի, որ շարունակում է տարածքային հավակնություն ունենալ Ադրբեջանի նկատմամբ: Ակնառու է Բաքվի նոր հնարքը՝ Երեւանին վերջնագիր ներկայացնելու տոնայնության եւ ծուղակ ներքաշելու մտադրության համատեքստում:

Այս մարտահրավերը ակնառու էր դեռեւս ամիսներ առաջ, երբ Ադրբեջանը բարձրաձայնեց Մինսկի խմբի եւ հարակից ենթակառուցվածքների, այսինքն համանախագահների ինստիտուտի լուծարման հարցը ԵԱՀԿ գործող նախագահի առաջ, հայտարարելով, թե չկա այդ խմբի գոյության պատճառ եւ Երեւանն էլ չունի դրան չհամաձայնելու պատճառ: Ալիեւը հենվում է իր այն գնահատականի վրա, որ լուծել է Արցախի հարցը: Եվ Երեւանին էլ փորձում է որսալ այն գնահատականի վրա, որ Երեւանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս:

Մի կողմ թողնենք այս որոշման պատճառները, մոտիվներն ու գնահատականները: Ի՞նչ կապ ունեն Երեւանն ու Բաքուն Մինսկի խմբի ստեղծման հետ, որ պետք է որեւէ կապ ունենան դրա լուծարման հետ: Եթե Ադրբեջանը ցանկանում է, ապա կարող է շատ հանգիստ անել նախաձեռնություն եւ բարձրացնել այդ հարցը թե ԵԱՀԿ ղեկավարության, թե Մինսկի խմբի երկրների, համանախագահ եռյակի առաջ: ԵԱՀԿ կայացրած որոշումները վերաննայելու խնդիրը Երեւանի խնդիրը չէ, եթե այդ որոշումները չեն առնչվում Հայաստանին: Միեւնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը բոլորովին ավարտված չէ, այն պարզ պատճառով, որ այդ աշխատանքը ոչ միայն չի ամփափվել բովանդակային իմաստով, այլ նաեւ՝ մեթոդաբանական:

Մինսկի խումբը եւ դրա համանախագահությունը պատերազմ թույլ չտալու համար էին, ոչ թե պատերազմից հետո լուծարվելով՝ այն լեգիտիմացնելու: Մինսկի խումբն ու համանախագահությունը Արցախի էթնիկ զտում եւ բռնի տեղահանում թույլ չտալու համար էին, ոչ թե դրա տեղի ունենալուց հետո լուծարվելու եւ այդ էթնիկ զտումը լեգիտիմացնելու: Մինսկի խումբը եւ համանախագահությունը պետք է հաշվետվություն տա իրեն ստեղծողներին, իր գործունեության համար, դրա արդյունքի համար, եւ միայն այդ հաշվետվության հիման վրա կայացվի որոշում՝ խումբը լուծարվու՞մ է, համանախագահությունը լուծարվու՞մ է, թե՞ վերակազմակերպվում, վերափոխվում եւ այլն: ԵԱՀԿ Մինսկի խումբը բացարձակապես չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջության թեմայով:

Դրա լուծարման առաջարկին չմիանալը բացարձակապես չի կարող նշանակել Ադրբեջանի տարածքային ամբողջության հանդեպ Հայաստանի հավակնություն, որովհետեւ այդ մեկնաբանության դեպքում կնշանակի, որ տարիներ շարունակ աշխատելով Մինսկի խմբի եւ դրա համանախագահության հետ, այդ ձեւաչափի ներքո քննարկելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարց, Բաքուն՝  հայր եւ որդի Ալիեւները, ըստ էության մասնակցել են Ադրբեջանի տարածքային ամբողջության դեմ գործընթացի: Այդպես է ստացվում, եթե նրանք Մինսկի խմբի լուծարման առաջարկին Երեւանի չմիանալը ներկայացնում են իբրեւ «հավակնության շարունակություն»: Դա շանտաժ է, վերջնագիր, որ Ադրբեջանը ներկայացնում է Հայաստանին: Ընդունել այն, տրվել շանտաժին, նշանակելու է բացել հաջորդի դուռը:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *