Ալիեւը չի՞ համաձայնել Պուտինի հետ

Մենք շատ ծրագրեր ունենք ենթակառուցվածքների ոլորտում եւ այստեղ առաջին տեղ է դուրս գալիս Հյուսիս-Հարավ ծրագիրը, Աստանայում Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը: Պուտինի հայտարարության մեջ բավականին ուշադրության է արժանի «առաջին տեղ» ձեւակերպումը, որով ՌԴ նախագահը ընդգծում է թերեւս այն, ինչի մասին տեսակետ եմ արտահայտել օրերս, որ Ռուսաստանը փորձում է նվազեցնել Ադրբեջանի հետաքրքրվածությունը այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքով», Բաքվին գրավելով Հյուսիս-Հարավով:

Ռուսաստանի այդ դիրքորոշման հարցում թերեւս էական դեր ունի Թուրքիայի հետ հարաբերության նկատելի սառնությունը, ինչը պայմանավորված է ըստ ամենայնի հանգամանքով, որ Անկարան իր համար առավել մոտ է դիտարկում արեւմտյան առաջնահերթությունները, որոնք կապված են Կենտրոնական Ասիայից Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա առեւտրային միջանցքի կառուցման հետ: Դրա մասին բաց տեքստով հայտարարում է Վաշինգտոնը: Մոսկվան փորձում է Բաքվին հետ պահել այդ առաջնահերթություններից, «առաջին տեղ» բերելով Հյուսիս-հարավը:

Սակայն, դատելով Ալիեւի բացման խոսքից, Ադրբեջանը որոշակիորեն դիմադրում է, ըստ ամենայնի փորձելով թանկացնել իր գինը՝ չբավարարելով թե Ռուսաստանին, թե Արեւմուտքին: «Մենք վճռականորեն տրամադրված ենք, որ զարգացնենք ադրբեջանական տարածքում միջանցքի ենթակառուցվածքը, որը ֆիզիկապես գոյություն ունի իհարկե, բայց չի համապատասխանում այն մտադրություններին, որոնք առկա են մեր գործընկերների ու հարեւանների մոտ, այդ նախագծի առավելագույն գործարկման հարցում», հայտարարել է Ալիեւը:

Մի կողմից նրա խոսքը նկատելիորեն վերաբերում է Պուտինի բարձրաձայնած թեմային, մյուս կողմից սակայն ակնառու է, որ Ալիեւի ձեւակերպումները անհամեմատ ընդհանրական են եւ դրանցում գործնականում բացակայում են առաջնահերթությունները: Ավելին, նշմարվում է, որ Ալիեւը խոսում է այն մասին, որ պատրաստ է օժանդակել գործընկերների եւ հարեւանների համար կարեւորին, բայց նա չի խոսում կարծես թե, որ դա կարեւոր է նաեւ իր համար, «առաջին տեղ» է եկել նաեւ իր համար:

Ալիեւն իհարկե խաղում է եւ փորձում առնվազն բավարարված թողնել բոլորին՝ Մոսկվային, Թեհրանին, Վաշինգտոնին ու Անկարային: Նա խաղում է ժամանակի վրա, դա ակնառու է, իսկ ժամանակային հաշվարկն ըստ էության անում է 2025-ի առաջին ամիսների ուրվագծով, ինչի համար նա «ազատել» է իր ձեռքերը թե նախագահի, թե խորհրդարանի հերթական ընտրություններից՝ անցկացնելով դրանք արտահերթ:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *