Ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ: Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասված է «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի և Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության մեջ։
Ավելին, հայտարարության հեղինակները դիմել են «ՌԴ գլխավոր դատախազություն, Դաշնային մաքսային ծառայություն և Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ՝ Հայաստանից ներմուծվող կոնյակի նկատմամբ վերահսկողության միջոցներ ձեռնարկելու խնդրանքով՝ հաշվի առնելով, որ այն ներմուծվում է Վրաստանի տարածքով։
Նամակներում նշվում է նաև, որ Հայաստանից ներմուծվող կեղծված արտադրանքը ստեղծում է անբարեխիղճ մրցակցություն և գների դեմպինգ, ինչը դժվար կացության մեջ է դնում ռուսաստանցի արտադրողներին և շուկայից դուրս մղելու վտանգ սպառնում»: Թերեւս դժվար չէ պատկերացնել թեմայի լրջությունը, հաշվի առնելով Հայաստանի տնտեսական կառուցվածքում կոնյակագործության տեսակարար կշիռը, այսպես ասած մուլտիպլիկատիվ էֆեկտը՝ վերամշակող արդյունաբերության համատեքստում, ինչպես նաեւ ոլորտի խորհրդանշականությունը Հայաստանի համար, քանի որ հայկական կոնյակը Հայաստանի ճանաչելիության կարեւորագույն բաղադրիչ է, Հայաստանի նկարագրային, իմիջային, բրենդային էական տարր:
Ուշադրության է արժանի այն, որ հայտարարությունը փաստորեն տարածվում է Պուտինի Բաքու կատարած այցի ֆոնին, մասնավորապես նաեւ հայտարարության, որ այցի արդյունքի մասին ինքը կխոսի Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ: Ինչպե՞ս է պլանավորում խոսել Պուտինը՝ հանդիպումո՞վ, թե՞ հեռախոսազրույցով, մանրամասն հայտնի չէ, սակայն հարց է առաջանում, թե արդյո՞ք Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ խոսում է «կոնյակով»:
Համենայն դեպս, տարածված հայտարարությունը տնտեսական լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար, Հայաստանի տնտեսության համար: Դա նշանակում է, որ կամա, թե ակամա, բայց հայտարարությունը ճնշում է Հայաստանի վրա: Հետեւաբար հարց է առաջանում, թե արդյո՞ք դա Պուտինի հնարավոր զրույցի նախապատրաստական «միջոցառում» է, որպեսզի Փաշինյանը առաձնապես չունենա առարկություններ:
Նյութի աղբյուր